fbpx
Խորհրդարան

Խորհրդարանական լսումներ՝ կինոոլորտի խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 17-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ` «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անհրաժեշտ և հրատապ է համարել կինոարվեստում գործուն քայլերի ձեռնարկումը՝ պետական մշակութային քաղաքականության զարգացման, կինոավանդույթների պահպանման ու տարածման, ինչպես նաև կինոոլորտի կարգավորման և կինոարտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծման համար:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ լսումներին մասնակցում են կինոարվեստի զարգացման համար անհանգստացող և պատասխանատու մարդիկ: Ըստ նրա՝ քննարկումն ուղղված է ոլորտում առկա խնդիրները, անհարթությունները, խանգարող հանգամանքները քննարկելուն, վերլուծելուն, դրանք ուղղելուն, ինչպես նաև առաջարկներ լսելուն և համատեղ աշխատանքներ իրականացնելուն: Հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ լսումներն արդյունավետ և կառուցողական կլինեն:

Քննարկման մասնակիցների ելույթներից պարզ է դարձել, որ կինոոլորտը կարգավորելու նպատակով մշակվել են երեք օրենսդրական նախաձեռնություններ:

Դրանց հեղինակներն են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, «ԻՖԿԱ. Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» հասարակական կազմակերպությունը, կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը:

Որոշ ելույթ ունեցողներ անհրաժեշտ են համարել «Հայֆիլմ» կինոստուդիայի ամբողջական գործարկումը, զարգացումն ու ժամանակակից պահանջներին համահունչ դարձնելը՝ պետության հոգածության ներքո:

«Ոլորտում շատ վատ է վիճակը»,- այսպիսի գնահատական է հնչեցրել մոսկվաբնակ կինոպրոդյուսեր Արմեն Ադիլխանյանը: Նրա համոզմամբ՝ պետք է արմատական փոփոխություններ կատարել կինոմասնագետներ պատրաստող բուհերում և ոլորտին առնչվող համակարգերում, կինոարտադրությունը պետք է կամ ազատել հարկերից, կամ հարկային արտոնություններ տալ: Այս տեսակետը պաշտպանել են նաև այլ բանախոսներ:

«Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիա» նախաձեռնության ներկայացուցիչ Հովհաննես Գալստյանը ոլորտում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է համարել ունենալ իրատեսական և գործուն օրենք: Ըստ նրա՝ «Կինոյի մասին» օրենքը պետք է ընդունել կինոոլորտի պետական կառավարման անարդյունավետ մոդելն արմատապես փոխելուց հետո:

Ելույթ ունենալով՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին կարևորել է լսումների անցկացումն ու բնագավառը կարգավորող օրենք ընդունելու նախաձեռնությունը: Նա պարզաբանել է, որ ԵՄ-ն որոշել է աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ մշակույթը հզոր գործիք է Հայաստանի համար, և այն մեծ նշանակություն կարող է ունենալ տնտեսության զարգացման գործում՝ ներդրումներ ներգրավելով: Բանախոսի կարծիքով՝ կինոարտադրության ոլորտում Հայաստանն ունի ներուժ և այն պետք է իրացնի: Նշվել է, որ Եվրամիությունը ցանկանում է աջակցել մեր երկրի մասնակցությանը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին: ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ խորհրդարանը կընդունի կինոոլորտը կարգավորող հզոր և իրատեսական օրենք:

Շարունակությունը՝ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ