fbpx
Խորհրդարան

Խորհրդարանին է ներկայացվել ԵԱՏՄ-Չինաստան համաձայնագրի վավերացման համաձայնագիրը

Այսօր Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանը ներկայացվեց ԵԱՏՄ-Չինաստան տնտեսական և առևտրային համագործակցության մասին համաձայնագիրը: Ծրագիրը ԱԺ-ում ներկայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը հաշվի է առել միության և դրա առանձին անդամ պետությունների շահերը։

«Համաձայնագիրը կրում է ոչ արտոնյալ բնույթ, և մաքսատուրքերի նվազեցում չի ենթադրում»,- ասաց փոխնախարարը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանը ԵԱՏՄ անդամ պետությունների և Չինաստանի միջև, ինչպես նաև որոշ չափով կկապակցի ԵԱՏՄ անդամ պետությունների ու Չինաստանի նոր կոոպերացիոն նախագծերը և տեխնոլոգիաները:

Հարցին, թե այս համաձայնագիրն ի՞նչ է տալու կոնկրետ Հայաստանին, փոխնախարարը պատասխանեց՝ նոր հնարավորություններ, քանի որ այս պահին Հայաստանից Չինաստան արտահանումը մոտ 107 միլիոն դոլար է կազմում, իսկ հակառակ ուղղությամբ ներկրումը՝ մոտ 663 միլիոն դոլար։

«Համաձայնագիրը նոր հնարավորություններ կարող է ստեղծել՝ դեպի Չինաստան կանխատեսելի, ընկալելի և հնարավորինս քիչ խոչընդոտներով արտահանում իրականացնելու համար»,- ասաց փոխնախարարը։

Քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այս փաստաթղթով որևէ մաքսային փոփոխություն չի կատարվում, այլ նախադրյալներ են ստեղծվում միության և Չինաստանի տնտեսական հարաբերությունների զարգացման համար։

«Ես կասեի՝ սա լուրջ և քաղաքական նշանակություն ունի, որովհետև պատկերացրեք, որ արդեն թվաքանակով, երբ մենք ասում ենք Եվրամիության 500-միլիոնանոց շուկան կամ 200 միլիոնանոց եվրասիական շուկան, սրան կգումարվի Չինաստան, Իրան․ սա լրջագույն մի մաս է առանձնացնում աշխարհում՝ դրանից բխող իր արդյունքներով», – ասաց Մելքումյանը։

Մելքումյանը թվեր ներկայացրեց, ըստ որոնց՝ Չինաստանի արտահանումը կազմում է 2,2 տրիլիոն դոլար, ներկրումը՝ 1,8 տրիլիոն դոլար։ Ընդ որում՝ դրա շատ փոքրիկ մասն է բաժին հասնում ԵԱՏՄ պետություններին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ