fbpx
Խորհրդարան

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

azgayin joxov

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 10-ին շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարությունն առաջարկում է օրենքի 45-րդ և 46-րդ հոդվածներում ամրագրված «2019 թվականի» բառերը փոխարինել «2020 թվականի» բառերով, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել պարտադիր պաշտոնական հրապարակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի հրապարակման անընդհատությունը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանը քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի զեկուցողը նույնպես Տիգրան Խաչիկյանն էր:

Նախագծով սահմանվում է, որ քաղաքաշինության, տրանսպորտի, էներգետիկայի, հրդեհային անվտանգության, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ու հողօգտագործման ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և կամ պատասխանատվություն սաhմանող մարմինը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է:

Հաջորդիվ ՀՀ արդարադատության փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկման է ներկայացրել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Հաստատումից հետո ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով վերանշանակվում են՝ առանց մրցույթի և ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Վերջիններս կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Չնշանակված քաղաքացիական ծառայողները գրանցվում են կադրերի ռեզերվում:

Տիգրան Խաչիկյանը հայտնել է, որ նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չեն փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն եղել:

Քվեարկությունների արդյունքում բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ընդունվել են:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա հայտնել է, որ հունիսի 14-ին նշվում է Արյան դոնորի միջազգային օրը, որի շրջանակում ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնն արյան հավաքագրում է կազմակերպում:

Հանձնաժողովի նախագահը գործընկերներին և քաղաքացիներին հորդորել է այդ օրն այցելել կենտրոն և արյուն հանձնել, քանի որ, ըստ նրա, արյան բավարար պաշարի առկայությունն առողջապահական և ռազմավարական լրջագույն նշանակություն ունի: Նա իրազեկել է, որ ինքը նույնպես հանդես է գալու որպես արյան դոնոր:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ