Էկո

Խոսրովի անտառում ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ տեղակալ Արամ Մեյմարյանը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստան ժամանած Վերականգնման վարկերի բանկի (KfW) էներգետիկայի և բնական պաշարների պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլի ղեկավարած պատվիրակության հետ այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Խոր Վիրապ» պետական արգելավայր։

«Այցին մասնակցել է նաև Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն պարոն Արման Վերմիշյանը։

Նախարարի տեղակալը գործընկերների և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակազմի հետ քննարկել են համայնք-պահպանվող տարածք իրավահարաբերությունների կարգավորմանը և պահպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Ստուգվել է հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայությունը։

Անդրադարձ է կատարվել ներդրումների ներգրավման հնարավորությանը։

Աշխատանքային քննարկումից հետո շրջայց է իրականացվել «Խոր Վիրապ» պետական արգելավայրի տարածքում։ Նախարարի տեղակալը գործընկերների հետ տեղում ծանոթացել է միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության ռեժիմի առանձնահատկություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ