fbpx
Խորհրդարան
15:00 12/12/2019

Խոստանո՞ւմ եք, որ սա վերջին բյուջետային վարկն է․ Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է, որ նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու այլևս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Վերջինս նախ նշեց, որ փաստորեն, 4 համաձայնագրով 130 մլն եվրոյից ավելի վարկային միջոց ենք ներգրավում:

«Դուք խոստանում եք, որ սա այլևս վերջին բյուջետային վարկը կլինի: Կարո՞ղ ենք սա ամրագրել այս համաձայնագրի վերջում և քվեարկել, որ այլևս բյուջետային վարկեր չեն լինելու»,-ասաց նա։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում: Նրա խոսքով՝ վարկերը ձևակերպված են եվրոյով, որովհետև այդպես ավելի լավ պայմաններով է վարկը տրվել:

«Հիմնական նպատակը 152 մլն դոլարի վարկ ներգրավելն է եղել, որովհետև մեր ճեղքն այդքան է եղել»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ առաջիկա տարիներին ունենալո՞ւ ենք հրատապ ռեժիմով նման վարկի ներկայացում, թե ոչ, փոխնախարարն ասաց, որ ԱԺ-ն արդեն հաստատել է 2020 թվականի բյուջեն, որով էլ արդեն հաստատվել է, որ նման միջոցներով բյուջետային դեֆիցիտը չի ֆինանսավորվելու այլևս:

«Հետևաբար, ես ոչ միայն հավաստիացնում եմ, այլ նաև օրենքով ամրագրված է դա»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ