Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը մամուլի ասուլիսի ժամանակ այսօր խոսել է Եղիշե անունով զինծառայողի հնարավոր ցուցմունքների մասին, որոնք կարող են հանգեցնել նոր մեղադրանքների: Նա նշել է, որ եթե Եղիշեն խոսի, ապա հնարավոր է, որ այլ անձինք նույնպես մեղադրվեն: Նորիկյանը ընդգծել է, որ իրավապահ մարմինները պետք է կատարեին իրենց աշխատանքը, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի:
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ չի խոսում Եղիշեն, Նորայր Նորիկյանը պատասխանել է. «Ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Այս վերջին մեկ տարվա ընթացքում ինձ տարբեր խողովակներով հասկացնում են, փորձում են հաղորդել, փոխանցել, որ Եղիշեին վախեցնում են, Եղիշեն բան է ուզում ասել, չի կարող, Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կան։ Ես էլ հիմա ասում եմ՝ եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի, ասեք կամ միջնորդավորված ներկայացրեք»։
Նա նաև նշել է, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին, և կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել: Նորիկյանը կոչ է արել Եղիշեին խոսել, եթե նա ունի որևէ տեղեկատվություն, որը կարող է օգնել գործի բացահայտմանը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, իսկ 7-ը տեղափոխվել են հիվանդանոց: Այս դեպքը հանգեցրել է քրեական վարույթի նախաձեռնման և բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկության։

