fbpx
Էկո

Երևանի կենդանաբանական այգում շները կերել են երեք կենգուրուների

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել այն մասին, որ շները հոշոտել են կենգուորոներին: Այն ներկայացնում ենք ստորև:

«Ս.թ հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից:

Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց ս.թ դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով:

2011թ-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի թափառող շների մուտքի արդեն երրորդ դեպքն է, որի արդյունքում գրանցվում է կենդանիների անկում և/կամ ֆիզիկական վնասվածք, ինչը հետևանք է Կենդանաբանական այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով:

Հաշվի առնելով խնդրի նրբանկատությունն ու կենդանիներին խնամողների էմոցիոնալ կապը կենդանիների հետ, կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ խնդրին ոչ ճշգրիտ գնահատականներ տալուց և աղբյուրից չճշտված տեղեկատվություն տարածելուց:

Շնորհակալ ենք ըմբռնման և կորստի վիշտը կիսելու համար»:

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ