fbpx
Առողջապահություն

Երևանի պոլիկլինիկաները վերազինվում են՝ կանխարգելելու սուր շնչառական վարակները

Ինչպե՞ս կանխարգելել սուր շնչառական վարակները, հատկապես երեխաների շրջանում:

Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցել են Հայաստանի առաջատար մասնագետները, համայնքային ենթակայության բուժհաստատությունների և պոլիկլինիկաների թերապևտներն ու մանկաբույժները:

«Առողջապահության ոլորտի զարգացումը մեր քաղաքականության կարևոր կետերից է: Մենք հետևողականորեն կյանքի ենք կոչում մեր խոստումները և փորձում ենք լուծել տարիներով կուտակված խնդիրները՝ բարձրացնելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու սահամնելով նոր նշաձող, որպեսզի ծառայությունները լինեն հասանելի մեր բնակիչների համար»,-նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Փոխքաղաքապետը նաև ընդգծել է, որ սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված ևս մեկ քայլ էր սարքավորումների ձեռքբերումը: Խոսքը պուլսոքսիմետրների նեբուլայզերների մասին է, որոնք արդեն իսկ բաժանվել են պոլիկլինիկաներին: Սերգեյ Հարությանը հատկանշել է նաև, որ այսօր աշխատանքներ են տարվում՝ ձևավորելու բժշկի մոտ կանխարգելիչ նպատակով այցերի մշակույթը:

«Ամեն տարի այս ժամանակահատվածում բարձրանում է սուր շնչառական հիվանդությունների տարածումը: Քաղաքապետարանը խնդիր է դրել, որպեսզի ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները լինեն ավելի պատրաստված: Գիտագործնական այս կոնֆերանսի նպատակը վարակների կանխարգելումն է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Խոսելով սուր շնչառկան վարակների և դրանց հետևանքների մասին՝ ՀՀ գլխավոր մանկաբույժ, Երևանի ավագնու անդամ Սերգեյ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվում են նաև մահացության դեպքեր:

«Տարեցտարի, իհարկե, այդ ցուցնիշը նվազում է՝ շնորհիվ բժիշկների ճիշտ աշխատանքի: Այսօր մենք նաև քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի առաջիկայում կարողանանք վիրուսների ստուգումներ իրականացնել»,-նշել է Սերգեյ Սարգսյանը:

Բժշկի խոսքով՝ հիվանդությունների կանխարգելման համար քաղաքացիները պետք է իմանան, որ առաջնայինը հիգիենայի պահպանումն է և օդափոխության ապահովումը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Երևանի գլխավոր մանկաբույժ Աննա Չոբանյանը նշել է, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի պոլիկլինիկաներում ավելի քան 120 ամբուլատոր-բժշկական քարտեր են ուսումնասիրվել: Սուր շնչառական վարակների ախտորոշման և վարման ժամանակ արձանագրվել են զննման և նկարագրության մեջ որոշակի տվյալների թերացումներ: Դրանք կապված են եղել նաև որոշ սարքավորումների բացակայության հետ, ինչը հիմա արդեն լրացվում է:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ