fbpx
Երևան

Երևանն աղտոտող շինարարական մեքենաները կտուգանվեն. հսկողությունը կուժեղացվի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք.

Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոները, աղտոտում են փողոցները: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի այդ, կսահմանվի լրացուցիչ հսկողություն:

«Եթե վարորդներն անպատիժ մնան՝ վաղը կամ մյուս օրը դեպքը կարող է կրկնվել: Սահմանված տուգանքից բացի պետք է քննարկենք նաև ընթացքի ժամանակ աղտոտված փողոցների մաքրման ծախսի խնդիրը: Մենք ունենք նաև Կառավարության որոշմամբ սահմանված փողոցների ցանկ, մասնավորապես կենտրոնում, որտեղ արգելվում է բեռնատարների՝ առանց համապատասխան թույլտվության մուտքը: Պետք է հսկողություն սահմանենք և գործնականում կյանքի կոչենք այս որոշումը»,-նշել է քաղաքապետը:

***

Երևան համայնքն իր միջոցներով շարունակելու է նոր աղբամանների ձեռքբերման գործընթացը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի հարցադրմանն ի պատասխան՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատրաստվու՞մ է աղբահանության խնդիրը կարգավորելու նպատակով համագործակցել քաղաքապետարանի հետ և նոր մեքենաներ ու աղբամաններ ձեռք բերել, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այս պահին «Սանիթեքում» նման հարց չեն քննարկում:

Զեկուցվել է, որ այս շաբաթ քաղաքապետարանը «Սանիթեք»-ում կսկսի մեքենասարքավորումների տեխնիկական վիճակի և պայմանագրերին համապատասխանության ուսումնասիրություն (մոնիթորինգ): Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

***

Նախորդ շաբաթ շարունակվել են ստուգայցերը՝ արգելելու բացօթյա ապօրինի առևտուրը: Բացատրական աշխատանքներից հետո գործունեությունը չդադարեցնելու համար 20 դեպքում քաղաքացիները տուգանվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ