Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: Նա նշեց, որ վերանորոգման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ:
«Սա 3600 վերելակի տոտալ փոխարինման ընդհանուր ֆոնդն է, ինչը չունի Երևանի բյուջեն: Մոդելը ենթադրում է վերելակների փոխարինում և վերելակների փոխարինման նպատակով ծախսվող միջոցների փոխհատուցում 20-25 տարիների ընթացքում», – ասաց Սարգսյանը:
Փոխքաղաքապետն ասաց, որ միջին վիճակագրական բնակարանը վերելակների համար ամսական 1600 դրամ է վճարում, ապա հավելեց. «Մենք դիտարկել ենք 1600 դրամը և այն կարող է 20-30 տոկոսով բարձրանալ: Մայրաքաղաքում շահագործվող վերելակների գրեթե 70 տոկոսը ավելի քան 40 տարվա ծառայության ժամկետ են անցել»:
Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր արդեն քաղաքապետը հանձնարարական է տվել` վերելակների նախնական պիլոտային փոխարինման համար: «1100 վերելակների տեխնիկական գնահատում է իրականացվել, որոնց թվում 31 վերելակ ենթակա է չշահագործման»,-հավելեց նա: