fbpx
Աշխարհ
05:00 14/11/2019

Ընդդիմադիր կուսակցապետը դարձյալ բարոյական փոխհատուցում կվճարի Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական անգամ պարտավորեցվել է բարոյական փոխհատուցում վճարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։

Մեղադրող կողմի պնդմամբ՝ 2018թ․ հուլիսի 17-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (TBMM) ելույթ ունեցած Քըլըչդարօղլուն վիրավորել է նախագահ Էրդողանի անձը։ Էրդողանի փաստաբան Թուղբա Սաղլամ Էքերն իր ներկայացրած դատական հայցում պահանջել է որպես բարոյական փոխհատուցում Քըլըչդարօղլուից գանձել 100.000 թուրքական լիրա (շուրջ 17․3 հազար ԱՄՆ դոլար):

Անկարայի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում կայացած նիստին ներկա են եղել կողմերի փաստաբանները։ Քըլըչդարօղլուի փաստաբան Նիհալ Ջենգիզը պնդել է, որ իր պաշտպանյալի հայտարարությունները տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի շրջանակներում։ Նա նշել է, որ հաշվի առնելով կողմերի զբաղեցրած քաղաքական բարձր պաշտոնները, վերջիններս պետք է հանդուրժող լինեն ամենախիստ քննադատությունների նկատմամբ։

Անկարայի դատարանը հայցը բավարարել է մասնակի՝ ընդդիմադիր գործչին պարտավորեցնելով որպես փոխհատուցում Էրդողանին վճարել 50․000 լիրա (շուրջ 8․670 ԱՄՆ դոլար)։

Հիշեցնենք, որ ԺԴԿ նախագահը Էրդողանին ամենաշատ բարոյական փոխհատուցումներ վճարած քաղաքական գործիչն է։ Էրդողանի վարչապետության և նախագահության ողջ ընթացքում նմանատիպ մեղադրանքներով Քըլըչդարօղլուի դեմ մի քանի տասնյակ դատական գործեր են հարուցվել։ Թուրքական դատարանների որոշմամբ ընդդիմադիր գործիչը իր ելույթներում Էրդողանի հասցեին հնչեցրած խիստ քննադատությունների պատճառով պարտավորեցվել է մի քանի միլիոն լիրայի փոխհատուցում վճարել Էրդողանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ