Կարծում եմ՝ ընդդիմության ասելիքի ճգնաժամ կա։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով այն թեմային, որ իշխանությունը փորձում է ընդդիմության ձայնը լռեցնել։
«Ընդդիմությունը մշտապես աչքի է ընկել աշխատավարձի բարձրացման, տնտեսական վիճակի բարելավման հարցեր ներկայացնելով։ Այսօր իշխանությունն այդ բոլոր հարցերի պատասխանը տալիս է և իշխանությունն ինքն իրենով ընդդիմություն է ներկայացնում, ինքն իրեն ընդդիմանում և բոլոր հարցերի պատասխանները տալիս է»,-նշեց նա։
Պատգամավորը համաձայնեց, որ իշխանությունն իր գործելաոճում պետք է ուշադիր լինի և հակառակ կարծիք լսի, հաշվի առնի, բայց հիմա որևէ բացասական և անհանգստանալու առիթ տվող հարց չկա։
Անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում ԱԺ-ում քննարկումներն անցնում են անձնական դաշտ՝ Սիմոնյանը դիտարկեց, որ կառուցողական չեն և ընդդիմությունն ասելիք չունի։
«Քիչ առաջ ընդդիմության ներկայացուցչներից մեկն ասաց, որ մարդիկ անմեղսունակ են․ հիմա դա անձնական դաշտ անցնել է համարվու՞մ, ուստի պետք է օբյեկտիվ լինենք և ասենք, որ ընդդիմությունն իր բերած յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն՝ մեզ անձնական մեղադրանքներ հասցնելով է փորձում արդարացնել»,-նշեց նա։