fbpx
Կառավարություն

Ընտանեկան բռնության կանխարգելման հարցում մարտական ենք տրամադրված. Զարուհի Բաթոյան

«Human rights watch կազմակերպությունն առանցքային կարևորություն ունի մեր երկրում երեխաների, կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեզ համար շատ կարևոր են Ձեր կողմից արված այն վերլուծություններն ու հետազոտությունները, որոնք վերաբերում են մասնավորապես ապաինստիտուցիոնալացմանը, ներառական կրթությանը, հաստատություններում ապրող երեխաներին: Կարևոր են այնքանով, որ նաև դրանցում վերհանված խնդիրների հիման վրա ենք մշակում մեր հետագա քաղաքականությունը»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ընդունելով Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրեն Ռեյչել Դենբերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը նշել է, որ հատկապես կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ նախարարությունը բավականին մարտական է տրամադրված: Այս համատեքստում նախարարը կարևորել է հեղինակավոր միջազգային կառույցների հետ համագործակցությունը, քանի որ այդ դժվարին գործընթացում կարևոր է լինելու նաև նրանց աջակցությունը:

Նախարարը տեղեկացրել է, որ վերջերս Կառավարության հավանությանն է արժանացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագիծը, որով երկու կարևորագույն գործընթացի մեկնարկ է տրվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց աշխատակիցներին ներկայացվող պահանջների սահմանում և ընտանեկան բռնության ենթարկված անձանց դրամական օգնության հատկացում.«Կարող եմ ասել, որ այս զուտ տեխնիկական որոշումների ընդունումից հետո Կառավարության անդամները շնորհավորում էին միմյանց, որովհետև մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց օգնելու կարևորությունը: Մենք հավատում ենք, որ հայ ավանդական ընտանիքը հիմնված է սիրո և հարգանքի վրա, և պետությունը պետք է կանգնի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին»,- ասել է նախարարը:

Human rights watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի փոխտնօրենը նշել է, որ լիահույս է ՀՀ կառավարության և մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ հետագա արդյունավետ համագործակցության վերաբերյալ, և նշել, որ պատրաստ են աջակցել հատկապես փորձի փոխանակման գործընթացում.

«Մեր համագործակցությունն այս կառույցի հետ մշտապես իրականացվել է փոխօգնության և փոխլրացման տրամաբանության ներքո: Երբեմն մենք կարող ենք չկիսել միմյանց տեսակետները այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց միևնույն է, այն գիտակցումը, որ բոլորիս նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է, անփոփոխ է: Լիահույս ենք, որ մեր հետագա համագործակցությունը ևս դրված է լինելու այս անքակտելի հիմքի վրա»,- ասել է Ռեյչել Դենբերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ