Քաղաքականություն

Ընտրակաշառքի գործով ձերբակալվածը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ երեկ, ըստ էության, բացահայտվել է առաջին ընտրակաշառքի դեպքը՝ մեծաքանակ մթերքի տեսքով: Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու:

ՀԺ-ի տեղեկություններով, խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, իսկ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան, ըստ ցուցակի, բաժանել ընտրողներին:

Շարունակելով կառույցը նշում է, որ այսօր առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք, յուրաքանչյուրը՝ մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ա. Ա.-ն և Ս. Զ.-ն բերման են ենթարկվել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ