fbpx
Քաղաքականություն

Ընտրություններին մասնակցող ուժերից ո՞վ դեպի ուր է խոստանում տանել Հայաստանը

Նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան ծրագրերի շուրջ: Ո՞վ դեպի ուր է խոստանում տանել Հայաստանը, որքանո՞վ են ներկայացվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական հատվածները և որքանո՞վ է հանրությունը հետաքրքրված դրանցով:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան բարդ է, որ հասարակության մեծ մասին, ցավոք, հետաքրքրում են միայն ներքաղաքական խնդիրները։ Նրա խոսքով՝ ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, բացի «Սասնա ծռերից», որը բավական մեծ տեղ է տալիս արտաքին քաղաքականությանը, շատ քիչ են անդրադառնում արտաքին քաղաքականությանը։

«Այդուհանդերձ, մենք ունենք այդ ուժերի նախընտրական ծրագրերը, որոնք հրապարակվում են, և կարող ենք նշել, որ այն քաղաքական կուսակցությունները, որոնց մասին կարելի է ասել, որ հաստատ կհայտնվեն ԱԺ-ում, կգերադասեն կտրուկ փոփոխությունների չենթարկել ՀՀ արտաքին քաղաքականությունը, այլ շարունակել նախկին իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքը և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է ոչ թե լինի ենթակայի և հրամայողի տեսքով, այլ պետք է երկուստեք հարգալից լինենք մեկս մյուսի նկատմամբ։ Արդեն այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, թե տարածաշրջանում ձևավորված իրավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանը միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, հատկապես ունենալով այնպիսի հարևան, ինչպիսին Թուրքիան է, մեխանիկորեն ավելի սերտ համագործակցելու է ՌԴ-ի հետ»,-ասաց քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ միակ ուժը, որ բացահայտ հակառուսական տրամադրություններ ունի, որոնք ամրագրված են նաև այդ ուժի ծրագրում, «Սասնա ծռերն են», որոնց քարոզարշավի ժամանակ մեծ տեղ է տրվում արտաքին քաղաքականությունը և հայտարարվում, որ իրենց հաղթանակի դեպքում ռուսական 102-րդ ռազմակայանը պետք է դուրս բերվի Հայաստանից, հայ-թուրքական սահմանը պետք է պաշտպանեն հայ սահմանապահները, և Հայաստանը պետք է ավելի սերտ հարաբերություններ հաստատի Արևմուտքի հետ։ Ըստ նրա՝ կոնկրետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը բավական խայտաբղետ արտաքին քաղաքական տեսլական ունեն՝ սկսած ռուսամետ կողմնորոշումից, վերջացրած բացահայտ ռուսական կողմնորոշումով, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք բավական մեծ շանս ունեն հայտնվելու ԱԺ-ում, ավելի շատ հայտարարում են, որ չեն փոխում իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, միաժամանակ սերտ համագործակցելու են ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։ Բոլոր տեսակի տեսակետները մեր քաղաքական սպեկտրում գործող ուժերը ունեն։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ արտաքին քաղաքականության թեմայով բանավեճեր գրեթե չկան, քաղաքագետը նշեց, որ կոնկրետ ՀՀԿ-ն իր քարոզչության մեջ շատ մեծ տեղ է հատկացնում գործող իշխանությունների կողմից նախկինում արտահայտած մտքերին, որ, այո՛, Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, որ պետք է Հայաստանը բավական լուրջ քաղաքականություն վարի ՀԱՊԿ-ի հետ, ինչի մասին բազմիցս հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը։

«Նա նաև խայտառակություն է բնութագրել հայ-ռուսական հարաբերություններում գոյություն ունեցող ստատուս-քվոն, երբ Հայաստանը շատ դեպքերում գնում է մեծ զիջումների, բայց հիմա կյանքը ցույց տվեց, որ երբ Փաշինյանը դարձավ իշխանություն, և ավելի խորքային ծանոթանալով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին, նախկին ընդդիմադիրները, որոնք խիստ քննադատում էին նախկին իշխանություններին, հիմա պարզվում է՝ բացարձակ մտադրություն չունեն կտրուկ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»,-ասաց Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ սրանով է հիմնականում պայմանավորված, որ գործող իշխանությունները գերադասում են շատ մեծ տեղ չհատկացնել իրենց քարոզարշավում արտաքին քաղաքականությանը, որովհետև նրանց քննադատողները կարող են շատ արագ հայտնաբերել Փաշինյանի նախկին ելույթները ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի դեմ, հայ-ռուսական հարաբերություններում առկա ստատուս-քվոյի դեմ։

«Իսկ մյուս քաղաքական ուժերը երբևէ չեն թաքցրել իրենց ռուսամետ դիրքորոշումը։ Դա վերաբերում է ԲՀԿ-ին, որը «Եդինայա Ռոսիա» կուսակցության քույր կուսակցությունն է Հայաստանում, դա վերաբերում է ՕԵԿ-ին, որը եթե նախկինում կտրուկ արևմտամետ էր, հետո դարձավ կտրուկ ռուսամետ։ Դա վերաբերում է նույն ՀՅԴ-ին, որը ևս հայտարարում է, որ պետք է մեր հարաբերությունները Մոսկվայի հետ շատ սերտ լինեն։ Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», սա բավական երիտասարդ կուսակցություն է, բայց արտաքին քաղաքականության ոլորտում ևս առաջնորդվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու, միաժամանակ Արևմուտքի հետ հարաբերությունները էլ ավելի սերտացնելու գաղափարն է պաշտպանում։ Եվ միակ ուժը «Սասնա ծռերն են», որի հակառուսական հռետորաբանությունը ակնհայտ է։ Իսկ որ արտաքին քաղաքականության վերաբերյալ քաղաքական ուժերի միջև քննարկումներ տեղի չեն ունենում, կապված է ավելի շատ մեր պետության հնարավորությունների հետ, որոնք արտաքին քաղաքականության ոլորտում բավական սուղ են։ Նման աշխարհագրական դիրքում և նման տարածաշրջանային իրավիճակում Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում շատ մանևրելու հնարավորություններ չունի»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ