fbpx
Իրավական

Յոլյանի արյունաբանական կենտրոնի չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի. ՔԿ

Qnnchakan-komite-1024x563

Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում, կենտրոնի հաշվապահների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև նշված ընկերության իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների վարիչների օժանդակությամբ յուրացրել է նշված լաբորատորիայի և բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Բացի դրանից՝ ընկերության նախկին տնօրենը, իր ընկերոջ կնոջ և կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի օժանդակությամբ, 2011թ. դեկտեմբերից մինչև 2018թ. հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերոջ կնոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ընդունել աշխատանքի՝ որպես բժիշկ-հիստոլոգ: Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ վերջինս աշխատանքի չի հաճախել և չի կատարել աշխատանքային պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա հասանելիք աշխատավարձը՝ ընդհանուր 5.507.031 ՀՀ դրամը, վատնելու շահադիտական դրդումներից ելնելով, վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իր հանձնարարությամբ կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի կողմից կազմված՝ ընկերոջ կնոջ կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 5.507.031 ՀՀ դրամ գումար:

Չարաշահումների հետևանքով պատճառված վնասից 26.514.391 ՀՀ դրամ գումարը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ընկերության գլխավոր հաշվապահներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իմունարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական բաժանմունքի և մանկական բաժանմունքի վարիչներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նախկին տնօրենի ընկերոջ կնոջը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված 6 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել դատարան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշում է կայացվել՝ քրեական գործից մաս անջատելու մասին, որի շրջանակներում ընկերության մյուս գլխավոր հաշվապահը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կադրերի հաշվառման բաժնի վարիչը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ