YouTube-ը թողարկել է խոշոր թարմացում՝ նոր հնարավորություններ ներկայացնելով իր բջջային, վեբ և հեռուստատեսային հավելվածներում: Այսուհետ այն կունենա նվագարկման արագության ավելի ճշգրիտ վերահսկում և համատեղ երգացանկեր ստեղծելու հնարավորություն՝ հղումների և QR կոդերի միջոցով, հաղորդում է TechCrunch-ը։
Նախկինում օգտատերերը կարող էին փոխել նվագարկման արագությունը միայն 0,25 անգամ: YouTube-ն այժմ թույլ է տալիս ավելացնել կամ նվազեցնել արագությունը 0,05 անգամով՝ սեղմելով «+» կամ «-» նշանները նոր արագության կառավարման ընտրացանկում: Բացի դրանից՝ նախկինում միայն YouTube Premium-ի բաժանորդներին հասանելի գործառույթը, երբ օգտատերն էր որոշում, թե որքան ժամանակ անց YouTube-ը դադարեցնի նվագարկումը, այժմ արդեն հասանելի է բոլոր օգտատերերին։
Համատեղ երգացանկերի ստեղծումը նույնպես դարձել է ավելի հեշտ: Այժմ հնարավոր է երգացանկի հղումը կամ QR կոդը կիսվել մեկ այլ օգտատիրոջ հետ, որը կարող է ավելացնել իր սեփական լուսանկարները որպես մանրապատկերներ (thumbnails) կամ օգտագործել YouTube-ի GenAI գործիքը՝ տեքստային հարցման հիման վրա մանրապատկեր ստեղծելու համար: Ի դեպ, ավելի ուշ կավելացվի համահեղինակների՝ համատեղ երգացանկերում տեսանյութերի օգտին քվեարկելու և արձագանք ստանալու հնարավորությունը։
YouTube-ը նաև որոշ փոփոխություններ է կատարել իր բջջային հավելվածի դիզայնում։ Android-ում հորիզոնական դիրքով տեսանյութերն այժմ ունեն ավելի մեծ մանրապատկերներ և ավելի մեծ տեքստ, և նվագարկիչն ավելի լավ է արձագանքում օգտվողի գործողություններին: Նշվում է, որ այդ գործառույթները iOS-ում կհայտնվեն մի փոքր ուշ։
Հարկ է նաև նշել, որ մինի նվագարկիչը դարձել է ավելի հարմար. այն կարելի է տեղափոխել և փոխել չափը անմիջապես բովանդակությունը դիտելու ժամանակ։ Հեռուստացույցների համար նախատեսված հավելվածն ստացել է բարելավված ինտերֆեյս կարճ տեսանյութերի համար (Shorts), իսկ տեսանյութ ստեղծողների համար YouTube-ն ավելացրել է պատկերակների հավաքածու՝ որպես համայնքի հետ շփվելու լրացուցիչ միջոց: