fbpx
Մշակույթ

Աշխարհահռչակ Յուրի Բաշմետը Երևանում կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները

Նոյեմբերի 9-ին երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահարներից մեկի՝ Յուրի Բաշմետի կատարումները։ Այդ հնարավորությունը երաժշտասերներին ընձեռել է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորները և մենակատարները։

Նոյեմբերի 9-ի երեկոն նվիրված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։ Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր‚ այլև հանդիսատեսը կկարողանա վայելել դաշնակահար Ալեքսանդր Չայկովսկու կատարողական վարպետությունը։ Մասնավորապես‚ նա դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։ Իսկ Յուրի Բաշմետը Ալեքսանդր Չայկովսկու հետ կներկայացնի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Յուրի Բաշմետը մեծ հռչակ է վայելում աշխարհում։ 20-րդ դարի և ժամանակակից շատ կոմպոզիտորներ իրենց ալտի համար գրված կոնցերտները նվիրել են Բաշմետին։ Նա հայ ժողովրդի լավագույն բարեկամներից է։ 1988 թվականի երկրաշարժի օրերին Բաշմետը հանդես է եկել որպես բարեգործական միջոցառումների և համերգների կազմակերպիչ և մասնակից։ Նա շարունակաբար աջակցել է հայազգի երիտասարդ կատարողների միջազգային ճանաչմանն ու առաջխաղացմանը, հայ կոմպոզիտորների գործերը կատարել է աշխարհի հանրահայտ բեմերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ