fbpx
Տեսանյութեր

Երևանում և մարզերում քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։

Երևանի երկու բնակիչ կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, խզակոթը կտրված հրացան, պայթուցիչով նռնակ ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտներ։ Ատրճանակի, նռնակի, պահունակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Մալաթիայի բաժնում:

Արդյունավետ էր նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը։ Ավանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է նռնակներ, որոնցից մեկը՝ «Ֆ-1» տիպի և պայթուցիչով, տարբեր տրամաչափի 177 փամփուշտ և այլն։

Սիսիանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Նորավան գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Մեղրիի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Քաջարանի բնակիչներից մեկն էլ կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և հրազենների 250-ից ավելի փամփուշտ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։ Այն բաժին բերած Գանձակ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է նաև պայթուցիչներով նռնակներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր տրամաչափի 200 փամփուշտ։

Արարատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի տղամարդ զանգել է բաժին ու հայտնել, որ Վեդի-Արարատ ճանապարհին «Կալաշնիկովի», ինքնաձիգ, պահունակ ու փամփուշտներ է թողել։ Նշված վայրում Արարատի ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք։

Ախուրյանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Հացիկ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է հրանոթի արկ, պայթուցիչով նռնակ, նռնակի պայթուցիչ ու տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտներ։

Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով նռնակն ու փամփուշտներն էլ կամավոր հանձնել են ոստիկանության Բազումի բաժնում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ