fbpx
Իրավական

12:40 27/8/2019

Զինված ուժերը կարող են օգտագործվել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար. Քոչարյանի պաշտպան

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ իր խոսքով՝ Մարտի 1-ի շուրջ այս տասը տարվա ընթացքում ձևավորված միֆերից մեկը լուսաբանելու համար․

«Մարտի 1-ի իրադարձությունների շուրջ ձևավորվել են բազմաթիվ միֆեր, որոնցից մեկն այն է, որ մեր օրենսդրությունը, Սահմանադրությունը թույլ չի տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական հարցերում, օրինակ՝ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով»,- ասուլիսի ժամանակ ասաց Ալումյանը։

«Սա միֆ է, և այսօր դատարանում քննվող քրեական գործը շատ մեծ չափով հիմնված է այս միֆի վրա։ Իրականում, մեր օրենսդրությունը միանշանակորեն թույլ է տալիս Զինված ուժերն օգտագործել ներպետական կարևորագույն խնդիրներ լուծելու համար, օրինակ, եթե առկա են զանգվածային անկարգություններ»,- նշեց պաշտպանը՝ օրինակ բերելով Չինաստանի փորձը, որտեղ 2009 թվականին ներպետական հարցերում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով Չինաստանը ներգրավել է զինված ուժեր, որի ընթացքում եղել է 156 զոհ։

Ալումյանը բերեց նաև Նեպալի, Հարավաֆրիկյան Հանարապետության, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների օրինակներ։ Նա ասաց, որ ԱՄՆ-ի օրենսդրությունը թույլ է տալիս կիրառել զինված ուժեր՝ ապստամբությունների, հանցավոր գործողությունենրի ժամանակ, որոնք ունեն իշխանությունները, օրինական մարմինները տապալելու նպատակ, խախտում են մարդու իրավունքները։

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ ՀՀ օրենսդրությունը ուղղակիրորեն թույլ է տալիս և միշտ թույլ է տվել զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով։

Հայկ Ալումյանը նաև հղում արեց ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածին, որտեղ նշված է, որ Զինված ուժերը ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունը։

«Իսկ ի՞նչ է անվտանգությունը։ Այն ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու հնարավորություն է։ Ներքին անվտանգությունը ներառում է նաև այլ մարտահրավերների հետ զանգավածային անկարգություններ, տեռորիստական ակտեր և այլն, Անվտանգությունը կարող է խախտվել զանգվածային անկարգությունների հետևանքով»,- մեկնաբանեց պաշտպանը։

Նշենք, որ Ալումյանի մեջբերած ՀՀ Սահմանադրության 8․2 հոդվածն ունի շարունակություն, որտեղ բացի վերը նշվածից ասված է, որ «Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Վերեվ