Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և այն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից
Նոյեմբերի 22-ին գործը մակագրվել է Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին: Գործով դատական նիստ նշանակված չէ:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տրանսպորտային միջոցի վարորդ, ունենալով AB կարգի վարորդական իրավունքի վկայական, վարելով “Տոյոտա Հիլուքս” մակնիշի 096 FF 96 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է յոթ մարդու մահ, և չորս մարդու առողջությանը պատճառվել է միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ։