fbpx
Կառավարություն

Զոհրաբ Մնացականյանը ընդունել է Միրյանա Շպոլյարիչին

Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին:

Ողջունելով ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորեց ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրագործման:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Մնացականյանն այդ գործընթացում մեծապես կարևորեց միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ուրվագծեցին Հայաստանի զարգացման օրակարգի և դրա առաջնահերթություն հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության խթանման գործում ՄԱԶԾ հետ փոխգործակցության շրջանակը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին ԱԳ նախարար Մնացականյանին հանձնվեց ՄԱԶԾ կառավարիչ Աքիմ Շտայների նամակը՝ Դմիտրի Մարյասինին Հայաստանում ՄԱԶԾ համակարգող նշանակելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ