fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․

«Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

ԱԳ նախարար Մնացականյանն իր համերաշխությունն ու զորակցությունը հայտնեց իր գործընկերոջը՝ ԱՄՆ կառավարության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող պայքարում:

Անդրադարձ կատարվեց ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը:

Հեռախոսազրույցի ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ»։

Աղբյուրը՝ mfa.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ