fbpx
Քաղաքականություն
22:10 28/06/2019

Զոհրաբ Մնացականյանի և Կարմելո Աբելայի համատեղ մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհրաբ Մնացականյանի և Կարմելո Աբելայի համատեղ մամուլի ասուլիսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը գրում է․

Բարի օր բոլորին:

Կներեք մի փոքր սպասեցնելու համար, սակայն սա նաև ցույց է տալիս, որ մեր երկու երկրները բավական օրակարգ ունեն միասին քննարկելու, և բավական լուրջ մտադրություն՝ զարգացնելու մեր հարաբերությունները երկու երկրների և երկու ժողովուրդների միջև:

Ես իրապես շատ ուրախ եմ այսօր ողջունել իմ գործընկերոջը` Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Կարմելո, ևս մեկ անգամ բարի գալուստ Հայաստան: Կարմելոն արդեն եղել է Հայաստանում՝ հոկտեմբերին, երբ մասնակցում էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին: Մենք առիթ ենք ունեցել նաև միասին հանդիպելու Մյունխենի Անվտանգության համաժողովի ժամանակ, որի ընթացքում ստորագրել ենք մի փաստաթուղթ, արձանագրություն, որը հնարավորություն է տալիս մեզ ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն վարել, և Կարմելոյի այցը նաև դրա արտահայտություն է:

Մենք մտադրություն ունենք էլ ավելի խորացնելու մեր երկկողմ քաղաքական երկխոսությունը, որը իր մեջ պարունակում է բավական հարուստ օրակարգ տարբեր ուղղություններով: Հայաստանը և Մալթան փոքր երկրներ են, և, իհարկե, մեր հոգեբանությունը և դրանց տրամաբանությունը գործում են փոքր երկրների համերաշխության համատեքստում:

Մալթան հանդիսանում է ԵՄ անդամ, և Եվրամիության օրակարգը բավական մեծ տեղ է գրավում մեր օրակարգում: Մենք առիթ ունեցանք քննարկելու բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Հայաստան-Եվրամիություն օրակարգին: Այդ առումով ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մալթային, Կարմելոյին՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար: Մալթան առաջիններից էր. վավերացվել է անցյալ տարվա սեպտեմբեր ամսին: Մենք խոսեցինք նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն արագացնելու հարցի մասին, և նույնպես շատ շնորհակալ եմ, որ Մալթան շատ դրական է տրամադրված այս հարցում: Մենք ունենք բազմաթիվ այլ հարցեր Հայաստան-Եվրամիություն օրակարգում, որը քննարկեցինք:

Առավել կենտրոնացանք անմիջապես երկկողմ օրակարգի վրա և այդ առումով մենք պետք է արձանագրենք, որ մեր առևտրային շրջանառությունն այդքան տպավորիչ չէ, բայց միևնույն ժամանակ մենք կարողացանք ի հայտ բերել բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք ունենք միասին աշխատելու շատ մեծ հետաքրքրություն: Դա վերաբերում է Հայաստանի զարգացման գերակա օրակարգին և այն բնագավառներին, որտեղ մենք կարող ենք օգտագործել երկկողմ համագործակցությունը: Մալթան ունի զարգացման օրակարգին առնչվող իր շատ կարևոր, հետաքրքիր և բավական տպավորիչ փորձը: Իհարկե, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, սմարթ զարգացման այն օրինակները և այն փորձը, որ մենք ունենք, շատ լավ հիմք է՝ աշխատելու Մալթայի հետ, որը ունի նաև իր շատ տպավորիչ փորձը:

Մենք խոսեցինք նաև այլ ոլորտների մասին, այդ թվում՝ «խելացի» գյուղատնտեսություն, գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում, տարբեր այլ ոլորտներում աշխատանքների իրականացում, որոնք վերաբերում են փոխկապակցվածությանը՝ ինչպես կապել մեր երկրները: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ունենալ նաև սեզոնային թռիչքներ, և այդ առումով, կարծում եմ, որ կարող ենք արդյունք ունենալ:

Մենք արդեն շատ լավ ձևավորված հիմք ունենք՝ աշխատելու մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում: Մշակույթի ոլորտում առավել տպավորիչ արդյունքներ ունենք: Գիտեք Վալետան՝ Մալթայի մայրաքաղաքը, բավականին կարևոր մշակութային կենտրոն է Եվրոպայում և աշխարհում: Հայաստանը առիթ ուներ իր ներդրումն ունենալ Վալետայի մշակութային կյանքում, և մենք Արամ Խաչատրյանի 115-ամյակի կապակցությամբ բավականին տպավորիչ համերգ ենք ունեցել: Մենք շատ սիրելի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նաև հանդիսանում է Մալթայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր: Մենք ունենք շատ տաղանդավոր դիրիժոր Մալթայում, որը մեր հայրենակիցն է՝ Դմիտրի Իշխանովը: Մենք այստեղ՝ Հայաստանում, անցկացրել ենք Մալթայի մշակութային օրեր, և այդ առիթը ևս եղել է շատ լավ հիմք՝ մշակույթի միջոցով ամրապնդելու երկու ժողովուրդների միջև կապերը:

Մեր հարաբերությունները հիմնված են ընդհանուր և համաեվրոպական արժեքների վրա և քաղաքակրթական բավական մեծ պատմություն ունեն: Պատմականորեն մենք միմյանց ծանոթ ենք բավական երկար ժամանակ՝ միջնադարից ի վեր: Դա, իհարկե, հսկայական մեծ հիմք է, որպեսզի այսօր միջպետական հարաբերություններում մենք կարողանանք առավել ակտիվ զարգացնել մեր հարաբերությունները:

Նաև խոսել ենք միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Մենք միասին համագործակցում ենք բազմակողմ հարթակներում, ներառյալ ՄԱԿ-ում: Եվ տարբեր միջազգային օրակարգի հարցեր, որոնք անմիջական առնչություն ունեն մեզ և մեր անվտանգային օրակարգի հետ, նույնպես քննարկման առարկա են: Մենք, իհարկե, անդրադարձանք մեր անվտանգության օրակարգի ամենագերակա խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցին և այստեղ նույնպես մտքերի փոխանակում ունեցանք: Ես առիթ ունեցա ներկայացնել Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումները: Այլ հարցերի շուրջ նույնպես քննարկում ունեցանք և դեռևս առիթը ունենալու ենք շարունակելու: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք օրակարգային հարցերի պակաս չունենք և մենք մտադիր ենք պահպանել մեր հանդիպումների հաճախականությունը և մեր երկխոսության շարունակական բնույթը: Սա ցույց է տալիս, թե որքանով հագեցած է մեր օրակարգը, և որքանով լուրջ է մեր մտադրությունը՝ երկու ժողովուրդների և երկու պետությունների միջև խորացնել, ամրապնդել մեր հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների:

Եվս մեկ անգամ, Կարմելո, բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ եմ, որ առիթ ունեմ նորից հյուրընկալելու Ձեզ Հայաստանում: Բարի գալուստ և խոսքը փոխանցում եմ Ձեզ:

Շնորհակալություն:

Պարա ԹիՎի․ Պարոն Մնացականյան, կխնդրեի մի փոքր մանրամասնեիք Ձեր և Մամեդյարովի հանդիպումը: Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ կողմերին տրամադրվել են փաստաթղթեր համանախագահների կողմից և նշեց, որ այդ փաստաթղթերն արդեն 15 տարի է՝ բանակցվում են, և նաև ընդգծել էր, որ այդ փաստաթղթերը հստակեցման կարիք ունեն, պետք է համանախագահները հստակեցնեն: Իսկ Դուք ի՞նչ կասեք այդ մասին: Մամեդյարովն ամեն կերպ նշում է, որ նրանք կողմ են փուլային տարբերակին: Կխնդրեի մեկնաբանեք սա:

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն հարցի համար։ Վստահ եմ, որ Դուք շատ լավ ծանոթ եք համանախագահների հայտարարությանը, և նաև իմ գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հարցազրույցին, որն ինքը տվել էր «Ազերտաջ» գործակալությանը հունիսի 24-ին: Եվ այդ առումով վստահ եմ՝ հասկանում եք, որ իր այդ հարցազրույցի մեջ նա անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին մեր հանդիպմանը Վաշինգտոնում: Եվ ես իմ կողմից կասեմ, որ մենք իրապես քննարկել ենք հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի է ունեցել մինչև Վաշինգտոնի հանդիպումը, և ունեցել ենք հարցերի բավական լայն շրջանակ:

Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, երբ մենք հանդիպմանն ընդառաջ ունեցանք լարվածության որոշակի աճ, և բնականաբար դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ: Բնականաբար մեր քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրինք այդ իրողությանը, և քննարկեցինք այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են, որպեսզի մենք լարվածությունը նվազեցնենք, որպեսզի մենք խուսափենք որևէ լրացուցիչ զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն վիճակը: Մեզ անհրաժեշտ է անդրադառնալ այն իրավիճակին, որ մինչև լարումն էր, և դա մեծ նշանակություն ունի։ Մենք ունենք այստեղ մի քանի նախաձեռնություններ, որոնք համանախագահների կողմից նույնպես առաջ են բերվել: Կարծում եմ, որ այս առումով կկարողանանք հասնել իրավիճակի, որ մինչև հաջորդ հանդիպումը կարողանանք գրանցել՝ կարողանում ենք պահպանել մի միջավայր, որը նպաստում է խաղաղության գործընթացին:

Շատ լավ հիշում եք, որ խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար չափազանց կարևոր, գերակա խնդիրներից մեկն է: Այդ միջավայրն իր մեջ պարունակում է երկու կարևոր բաղադրիչ, որից մեկը վերաբերում է մարդկային շփումներին, հռետորաբանության նվազեցմանը և այնպիսի մի միջավայրին, որ այդ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանում, այլ հակառակը:

Դրա մյուս բաղադրիչը այն է, որ մենք պետք է շարունակենք ռիսկերի էսկալացիայի նվազեցման ուղղությամբ ջանքերը: ա նույնպես մի համակարգ է, որն իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ: Մենք ունենք իրավիճակ, որը պահպանվում է Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար: Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ և այդ առումով, երբ մենք ունենք զոհեր, երբ ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունն այնպիսի գործառույթների, ինչպիսիք են, օրինակ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմը և այդ մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը: Սանկտ Պետերբուրգը և Վիեննան դրա մասին են: Մեզ համար նախևառաջ էական են հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել խաղաղ գործընթացին նպաստող միջավայրը: Սա չափազանց էական է մեզ համար այն առումով, որ մենք չենք հավատում և չենք ընդունում այն, որ հնարավոր է արդյունավետ, գործնական առաջընթաց ունենալ խաղաղ գործընթացում, երբ որ տեղում իրավիճակը լարվում է:

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մեկ ձեռքով բանակցել, իսկ մյուս ձեռքով կրակել: Այդ մոտեցումն ապագա չի ունենա, և բազմիցս ասել ենք և կկրկնեմ, որ բանակցային գործընթացում սպառնալիքի լեզուն չի աշխատելու: Չի լինելու իրավիճակ, որ մենք բանակցենք սպառնալիքի ներքո: Չի կարող նման բան լինել: Նորից կրկնեմ՝ մեր ինքնավստահությունը մեծ է, և մենք այդ առումով սպառնալիքի ենթարկվող չենք և սպառնալիքի լեզուն չի անցնելու: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք ուժեղացնել այն տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին:

Հաջորդը վերաբերում էր նրան, որ գոյություն ունի բանակցային արդյունավետությանն ուղղված մեկ այլ հարց. դա Արցախի մասնակցության հարցն է: Այստեղ հարցը վերաբերում է նրան, որ սա առաջին հերթին ուժեղացնում է գործընթացի արդյունավետությունը, որովհետև Արցախը պետք է ունենա և ուժեղացնի խաղաղ գործընթացի նկատմամբ իր սեփականության զգացումը: Մենք բազմիցս խոսել ենք սրա մասին, սա ևս օրակարգային հարց է, որը քննարկել ենք:

Եվ վերջապես, բնականաբար մենք ունենք հարցեր, որ վերաբերում են բուն խաղաղ գործընթացի մանրամասներին, և այդ առումով գոյություն ունեն տարբեր մոտեցումներ, որոնց մենք անդրադարձանք Վաշինգտոնում անցկացված խորհրդակցությունների ժամանակ: Չնայած նորից կրկնեմ, որ ուշադրությունը, առաջին հերթին, այն գերակայության վրա է, որպեսզի անդրադառնանք խաղաղ գործընթացին նպաստող միջավայրին:

Ինչ վերաբերում է խաղաղ գործընթացի ավելի բովանդակային հարցերին, շատ լավ գիտեք, որ մեզ համար առաջնային խնդիրը վերաբերում է կարգավիճակին և Արցախի կողմից ինքնորոշման իրավունքի անվերապահ իրագործման գերակայությանը, և այդ առումով մենք նույնպես գնահատել ենք տարբեր հարթություններ, ձևաչափեր, և նաև նշել, որ մեզ անհրաժեշտ է նախապատրաստվել այդ գործընթացին:

Ես անձամբ բավարարված եմ, որ մենք ունեցել ենք այս տարվա ընթացքում բավական ակտիվ ներգրավվածություն, և հանդիպումների դինամիկան եղել է բարձր, և դա շատ նորմալ է, շատ լավ է, և մենք մտադիր ենք դա շարունակել: Քննարկել ենք, թե ինչպես ենք շարունակելու այս գործընթացը և ինչ ենք անելու հաջորդ քայլերի համար: Ունենք որոշ նախանշած ծրագրեր և նորից, երբ մենք կունենանք հաջորդ հանդիպման մասին հայտնելու համաձայնեցված հայտարարությունը, բնականաբար կհայտնենք դրա մասին: Սա է հիմնականը:

Հանրային հեռուստաընկերութուն. Պարո՛ն Մնացականյան, քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ Ադրբեջանի նախագահը, համենայնդեպս լրատվամիջոցներն այդպես են հղումը տալիս, նշել է, որ «մենք պատերազմի պայմաններում ենք ապրում, և այն դեռ չի ավարտվել: Մենք ամեն վայրկյան պատրաստ ենք ազատել գրավյալ տարածքները»: Որքանո՞վ է սա բանակցություններին լրացուցիչ դրական լիցք տալիս, և փոխադարձ վստահությունը որտե՞ղ է մնում այս համատեքստում: Շնորհակալություն:

Զոհրաբ Մնացականյան. Կրկնեմ, որ մեզ համար բացարձակ գերակայություն եղել և մնում է մեկ հարց՝ Արցախի ֆիզիկական անվտանգության բացարձակ ապահովումը: Եվ դրանից բխում է կարգավիճակի հարցը: Նորից կրկնեմ, որ սպառնալիքի լեզվով, սպառնալիքի օգտագործմամբ որևէ արդյունք չի լինելու: Մենք ավելի կողջունենք այնպիսի հռետորաբանություն, որը նպաստում է իրական, գործնական առաջընթացին: Շնորհակալություն:

Ազատություն ռադիոկայան. Պարո՛ն նախարար, մենք Ռուբեն Ռուբինյանի գրառումից տեղեկացանք, որ հանդիպում եք ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործի համատեքստում: Այս առումով հետաքրքիր էր, թե ի՞նչ մտահոգություններ ունի հայկական կողմը և ի՞նչ հետաքրքրութուններ ունի Ռուսաստանը Մարտի 1-ի գործի հետ կապված:

Զոհրաբ Մնացականյան. Առաջին հերթին ուղղակի պետք է ասեմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը եղել և մնում են դաշնակիցներ և ունեն բավական լայն և բավական հարուստ օրակարգ: Մենք բավարարված ենք այն երկխոսությամբ, որը մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ բազմաթիվ ոլորտներում՝ մեր դաշնակցային հարաբերությունները խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք մեր երկկողմ օրակարգի մեջ կարող են տարբեր ընկալումներ ունենալ և տարբեր գնահատական ստանալ, ինչը բնական երևույթ է: Եվ երկու դաշնակիցների միջև այդ հարցերը քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Մենք այդ առումով որևէ խնդիր չունենք՝ բարձրացնելու հարցեր, որոնք վերաբերում են մեր երկկողմ հարաբերությունների ինչ-որ երանգներին: Եվ նման տրամադրությամբ ենք աշխատում մեր գործընկերների, մեր դաշնակցային գործընկերոջ հետ: Այդքանը կարող եմ ասել: Շնորհակալություն։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ