fbpx
Հասարակություն

ԶՊՄԿ-ն հերքում է, թե պոչամբարում վթար է եղել

Այսօր մամուլում տեղ գտած հրապարակումները ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել գործարանը՝ նշելով, որ պոչամբարի «պայթյուն» ԶՊՄԿ-ում երբեք տեղի չի ունեցել:

«Վստահ չենք, արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը» եւ ինչ հետեւանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Հետեւաբար լրատվամիջոցների մեր գործընկերներից ակնկալում ենք նման դեպքերում չնպաստել կեղծիքի տարածմանը եւ տեղեկատվությունը ճշտել ԶՊՄԿ-ի հետ։

Միշտ պատրաստ ենք տրամադրել իրական պատկերը, ինչը եւ անում ենք ստորեւ։

ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ ս/թ-ի հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։

Հարկ ենք համարում նշել, որ նման միջադեպերի խորքային պատճառները՝ ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե’ ընթացակարգային, թե’ տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։ ԶՊՄԿ նոր սեփականատեր ՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խումբը 2021 թ. հոկտեմբերից ստանձնել է ընկերության կառավարումը, հանձնառելով ԶՊՄԿ-ում առկա բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական խնդիրների աստիճանական բացահայտման եւ լուծման պարտավորություն։

Այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ եւ գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։

ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության հենասյունն է եւ դրա ներուժը լիարժեք բացահայտելը եւ օգտագործելը՝ հաշվի առնելով կուտակված խնդիրները, պահանջելու են երկար, հետևողական աշխատանք, զգալի միջոցներ և բոլոր մասնակիցների, այդ թվում՝ ազդակիր համայնքների, կոլեկտիվի, հասարակության և ԶԼՄ-ների համատեղ ջանքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ