fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլին Երևանում դժգոհել է Աբխազիայի հայկական եկեղեցիների ենթակայությունից

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված, հայտնում է «Վզգլյադը»` Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա հղումով:

Այդ հարցին Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես նշվում է, «շատ կոշտ է անդրադարձել» ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումներում:

Նշվում է, որ «Աբխազիայի հայկական եկեղեցիների վերաենթարկումը վրացական կողմն ընկալում է «որպես ՀԱԵ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում»:

Նշվում է, որ Վրաստանի նախագահը «պահանջել է կաթողիկոսից փոխել այդ որոշումը, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները վերադառնան ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայությանը, «ինչպես դա եղել է պատմականորեն», կամ ենթարկել անմիջապես Գարեգին Բ-ին: Վրաստանի նախագահը հայտնել է ՎՈւԵ նմանատիպ դիրքորոշումը: Կողմերը համաձայնվել են գտնել հարցի ընդունելի լուծումը:

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահի կարծիքով՝ Աբխազիայի հայկական եկեղեցիների փոխանցումը ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի իրավազորությանը «Վրաստանի տարածքային ամբողջականության շատ մեծ խախտում» է:

Նշենք՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին մտահոգիչ էր անվանել Վրաստանի նախագահի որոշ հայտարարություններ: «Բաքվում Ձեր արած որոշ ձևակերպումները մտահոգիչ են»,-ասել էր նա: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ևս կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը:

Հավելենք՝ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Ադրբեջանն ու Վրաստանը միասին են վերադարձրել անկախությունը և «վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ