Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման արդյունքում վերջնականապես հաստատվել է «Խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Այս նախաձեռնությունը, որը հիմք է դրվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված համատեղ հռչակագրով, ուղղված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ կապի ստեղծմանը։ Այն կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը։ Ծրագիրը նպատակ ունի կապել Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և դառնալ Անդրկասպյան առևտրային ուղու կարևոր օղակ՝ փոխադարձ օգուտներ ապահովելով նաև Հայաստանի համար։
TRIPP-ի միջոցով Միացյալ Նահանգները ձգտում է ամրապնդել Հարավային Կովկասում խաղաղությունը, բացել առևտրային նոր ուղիներ և խթանել տարածաշրջանային բարգավաճումը։ Հայաստանի համար ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուժեղացնելու իր դերը որպես տարածաշրջանային տարանցիկ և տնտեսական հանգույց, ներգրավել օտարերկրյա ներդրումներ ենթակառուցվածքներում, բարելավել սահմանային կառավարումը և ստեղծել կայուն եկամտի աղբյուրներ։ Ծրագրի շրջանակներում կստեղծվի TRIPP զարգացման ընկերություն, որտեղ ԱՄՆ-ը կունենա վերահսկիչ փաթեթ (սկզբնապես 74%), իսկ Հայաստանը կունենա 26% բաժնեմաս՝ հետագայում, 50 տարի անց, հասնելով 49%-ի։ Ընկերությունը 49 տարի ժամկետով կունենա զարգացման բացառիկ իրավունք՝ ներառելով երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները։
Կարևորագույն դրույթներից է Հայաստանի լիակատար ինքնիշխանության պահպանումը ծրագրի բոլոր հատվածներում, ներառյալ օրենսդրական, դատական և կարգավորող մարմինների իրավասությունը, ինչպես նաև ազգային անվտանգության և սահմանային վերահսկողության նկատմամբ վերահսկողությունը։ Սահմանային և մաքսային գործառնությունների համար կկիրառվի «առջևի գրասենյակ – հետին գրասենենյակ» (Front Office – Back Office) մոդելը, որտեղ մասնավոր օպերատորները կիրականացնեն հաճախորդների սպասարկումը, իսկ Հայաստանի պետական մարմինները կպահպանեն բոլոր ինքնիշխան որոշումների կայացման իրավասությունը։ Այս շրջանակը խորացնում է Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը և հիմք է դնում ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման երկարաժամկետ համագործակցության համար, ինչպես նաև նախատեսում է ԱՄՆ աջակցությունը հայ սահմանապահ և մաքսային անձնակազմի վերապատրաստման և կարողությունների զարգացման համար։

