fbpx
Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր է

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ներկայացուցիչները 3 մեդալ նվաճեցին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հիանալի հանդես եկավ հենացատկի եզրափակչում և վաստակեց 15.133 միավոր՝ գրավելով առաջին հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգ թափերի վարժությունում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակչում վաստակելով 14.833 միավոր։ Սա նրա առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում։ Արթուր Ավետիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում՝ վաստակած 14.533 միավորով։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը չորրորդ տեղն է գրավել (14.500):
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին մասնակցում էր մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգրկված էր մրցաշարի մրցավարական թիմում:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մարտի 5-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում, որին Հայաստանը ներկայացուցիչները ևս կմասնակցեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ