fbpx
Առողջապահություն

Եղվարդի ծննդատունը կարող է մնալ, բայց Աչաջուրը պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել․ նախարար

Աչաջուրը առողջության կենտրոն է, այս դեպքում ծնունդների թիվը 78 է, այն պետք է դադարի ծննդօգնության ծառայություններ մատուցել։ Այս մասին այսօր՝ հուվարի 16-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վերջին օրերին քննարկումների արդյունքում հավանաբար Եղվարդի ծննդատունը նորից կդիմի պետական պատվերի համար, եթե համոզվենք, որ մնացած բոլոր պայմանները՝ կադրային սարքավորումները և շենքային պայմանները, բավարարում են, բացի՝ թվային պայմաններից, ապա հնարավոր է ևս մեկ տարվա անցումային շրջան տրվի սահմանված ծնունդների թվին հասնելու համար, և եթե թիվը բավարարի, շարունակական պետպատվերը կտրամադրվի»,-հավելեց նա։

Նախարարը նշեց, որ իրենք պայմանների բարելավման ուղղությամբ քայլեր են կատարում այն հաստատություններում, որոնք դրա կարիքն ունեն, նշված բուժհաստատություններում այդ ծառայությունների առկայությունը ինքնանպատակ չպետք է լինի։

Անդրադառնալով նաև այն հարցին, որ բուժհաստատությունների աշխատակիցների գործազուրկ կդառնան՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ մի մասը նույն հաստատությունում համատեղությամբ այլ ծառայություններ է մատուցում, և իրենք պատրաստ են այն բուժաշխատողների համար, որոնք պարզապես չեն կարող այլ ծառայություններ մատուցել, քննարկել այլ բուժհաստատություններում աշխատանքի տեղավորելու հարցը։

«Ծննդատներ չկան, կան բժշկական կենտրոններ, որոնք ունեն ծառայություններ։ Տպավորություն է ստեղծվում, որ մենք ինչ-որ շենք ենք փակում, այնպիսի ծառայությունների հասանելիություն ենք կրճատում, որը ամենօրյա է, հակառակը՝ կոնսուլտացիոն և առաջնային պահպանման ծառայությունները պահպանվելու են և ավելի են զարգանալու, իսկ նշածս բուժհաստատությունների որոշ բաժանմունքներ դադարելու են ստացիոնար բուժօգնություն մատուցել»,-հստակեցրեց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ նման կերպ իրենք վերաբերելու են մնացած բոլոր ծառայություններին, առողջության առաջնային պահպանման ծառայությունները պետք է լինեն բավական մոտ բնակչին՝ ի տարբերություն ստացիոնարի։

Խոսելով որդեգրումների մասին՝ նախարարը նշեց, որ բուժաշխատողների հետ պետք է կանխարգելման կրթական ծրագրեր անել, քանի որ բուժաշխատողները նախկինում դրդել են թողնել երեխաներին։

«Պետք է կանխարգելման և պատժի անխուսափելիության մեխանիզմ լինի»,-հավելեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ