Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը՝ ողջունելով Հայաստանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքի մասնակիցներին՝ նշեց, որ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը մնում են որպես մեր ժամանակների առանցքային վտանգ:
«Չնայած ներկայումս Հայաստանի տարածքում ահաբեկչական կոնկրետ դրսևորումներ ի հայտ չեն բերվել, այդուհանդերձ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական առանձնահատուկ դիրքը, չի կարելի բացառել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունը որպես թիրախ ընտրելու հավանականությունը:
Նման զարգացումները ի հայտ բերելու և կանխարգելիչ գործողությունների արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի հետ համագործակցության և հատուկ ծառայությունների հետ գործընկերային հարաբերությունների շրջանակներում պարբերաբար իրականացնում է ահաբեկչական սպառնալիքների վերլուծություն: Առանձնահատուկ ուշադրության է արժանանում կարևոր ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ համալիրի, հակաահաբեկչական ապահովվածությունը»:
Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վառելիքաէներգետիկ համալիրում իրականացրած պայմանական պատանդների ազատագրման և ահաբեկիչների չեզոքացմանն ուղղված հակաահաբեկչական գործողությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ասաց. «Վարժանքն անցավ շատ լավ:
Բոլորը ցույց տվեցին գերազանց պատրաստվածություն և արժանի են գովասանքի: Նորից ուզում եմ նշել, որ մենք մշտական համագործակցության մեջ ենք հակաահաբեկչական կենտրոնի անդամ պետությունների հետ և վտանգներ չունենք: Սակայն մեր բոլոր մշտական ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների, ինչը մենք ձեր հետ միասին տեսանք քիչ առաջ»: