Հյուսիսային Կորեայի բնակիչները «խուճապահար սննդամթերք են գնում և պաշարներ հավաքում՝ արագորեն դատարկելով խանութների վաճառադարակները», հայտնում է Bloomberg գործակալությունը։
Նման գնումները կատարվում են Փհենյանում՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային միջոցառումների ֆոնին և որևէ կապ չունեն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի հետ, որ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի առողջական վիճակը վատթարացել է։
Հյուսիսային Կորեան Չինաստանի հետ կորոնավիրուսի պատճառով սահմանը դեռևս հունվարին է փակել, և չնայած իշխանությունների պնդումներին, թե երկրում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել՝ ԱՄՆ-ն հակառակ հայտարարություններ է անում՝ վարակման առկա դեպքերի հետ կապելով ռազմական ակտիվության նվազեցումը։
Հյուսիսային Կորեան աշխարհի ամենաաղքատ երկրներից է․ միայն 1990 թվականին այստեղ բնակչության 10 տոկոսը սովից է մահացել։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ բնակչության 40%-ը թերի է սնվում:

