fbpx
Խորհրդարան

ՔՊ-ն Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը կթողնի թափուր․ Հովհաննիսյան

Այսօր՝ հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաև մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Տևական ժամանակ է մենք ականատեսն ենք մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը և մերժվել հանձնաժողովի կողմից»: Նշվել է, որ բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են բոլոր այն հիմնավորումները, ըստ որոնց` ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:

Արթուր Հովհաննիսյանն արձանագրել է` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում: Այս դեպքում, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը` այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:

Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:

«Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակ, և որպես վերը նշվածի ապացույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել` այն թողնելով թափուր»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հանձնաժողովն այուհետ հարցի վերաբերյալ նիստ կգումարի միայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի թեկնածու», – ասված է ԱԺ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ