Լուվրից գողացված զարդերը փորձել են դարքնեթով վաճառել իսրայելական ընկերությանը․ BILD

Հրապարակող՝

Լուվրից գողացված զարդերը փորձել են դարքնեթով վաճառել իսրայելական ընկերությանը․ BILD

Ամենադիտվածներ

Հոկտեմբերին Փարիզի Լուվր թանգարանում տեղի ունեցած հանդուգն կողոպուտի արդյունքում գողացված թագավորական զարդերը փորձել են վաճառել դարքնեթի միջոցով։ Գերմանական Bild թերթի հաղորդմամբ, կողոպտիչները կապ են հաստատել իսրայելական CGI Group անվտանգային ընկերության հետ՝ առաջարկելով գնել գողացված իրերը։

CGI Group-ի ղեկավար Ցվիկա Նեֆը Bild-ին հայտնել է, որ կողոպուտից հինգ օր անց մի տղամարդ, որը ներկայանում էր որպես կողոպտիչների ներկայացուցիչ, կապվել է ընկերության հետ՝ օգտագործելով CGI Group-ի պաշտոնական կայքը։ Նա առաջարկել է բանակցել Լուվրից գողացված արվեստի գործերի գնման շուրջ՝ ընդգծելով, որ պատասխանելու համար տրամադրվում է 24 ժամ։

Ըստ Նեֆի, CGI Group-ը անմիջապես տեղեկացրել է Փարիզի իրավասու մարմիններին։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ անհայտ անձը, ով կապվել էր ընկերության հետ, իսկապես տիրապետում էր գողացված զարդերից առնվազն մի քանիսին։ CGI Group-ը նաև ներկայացրել է շփման ենթադրյալ սքրինշոթեր, որոնցում նշվում էր, որ զարդերը պատրաստ են վերադարձի, սակայն առանց բանակցությունների։

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է յոթ տղամարդու, որոնցից մեկը համարվում է «գլխավոր կասկածյալ»։ Նրա ԴՆԹ-ի հետքերը հայտնաբերվել են հանցագործության վայրում։ Ձերբակալվածներից երկուսը հարցաքննության ընթացքում «մասամբ խոստովանել» են իրենց մասնակցությունը կողոպուտին։ Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ «կազմակերպված խմբի կողմից կատարված կողոպուտի» մեղադրանքով։

CGI Group-ը, որը ղեկավարում է 81-ամյա իսրայելցի քաղաքական գործիչ և գաղտնի ծառայության նախկին ղեկավար Յաակով Փերին, մեծ փորձ ունի գողացված գանձերի վերադարձի գործում։ Ընկերությունը նախկինում մասնակցել է Դրեզդենի Green Vault կողոպուտի գողոնի վերադարձի գործընթացներին։ Նեֆը նաև նշել է, որ դեռևս օգոստոսին նախազգուշացրել էր Լուվրի հնարավոր կողոպուտի մասին՝ ընդգծելով, որ «Մոնա Լիզան» դարքնեթում ամենաքննարկվող թեմաներից մեկն է եղել։

Ամենաթարմ