fbpx
Խորհրդարան

Մակունցը՝ Սոֆյա Հովսեփյանին ուղղված Կարեն Սարուխանյանի արտահայտության մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները բնականաբար ընդունելի չէին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա հովսեփյանին ուղղված «ամուսնացիր, կանցնի» արտահայտությունը։

Լրագրողի հարցին, թե խմբակցությունում այդ հարցը քննարկվելու է, ինչպես Սոֆյա Հովսեփյանն էր նշել, Մակունցն ասաց, որ ինքը չգիտի, թե լրագրողին որտեղից ինֆորմացիան՝ նշելով, որ Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկություն չի տվել։

«Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք, և ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները բնականաբար ընդունելի չէին, ու որի կապակցությամբ պարոն Սարուխանյանը հրապարակային ներողություն հայտնել է։ Մնացյալ հարցերը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են հենց կուսակցության ներսում»,-ասաց նա։

Հարցին՝ ներողությունը հավուր պատշաճի՞ էր, Սոֆյա Հովսեփյանն ասում էր, որ ոչ, Մակունցն արձագանքեց․ «Երբ ինչ-որ մեկը ներողություն է խնդրում, լավ մենք ի՞նչ ենք ուզում։ Մարդն ինչ-որ սխալ խոսք էր արտահայտել, որն ունեցել է բուռն արձագանք, որն ինձ համար ևս անընդունելի էր, որի մասին ես ասել եմ ոչ միայն տիկին Հովսեփյանին, այլև պարոն Սարուխանյանին։ Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողով ունենալուն, առիթ եմ ունեցել խոսել խմբակցությունում և այսօր ավելի քան, երբևէ այս հարցը դառնում է առաջնային։ Ամռան ընթացքում իմ կողմից մշակվել է մի նախագիծ, որով առաջարկում եմ ԱԺ-ում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել և առաջիկայում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ես ինքս հետամուտ եմ լինելու նրան, որպեսզի այդ հարցը քննարկվի ԱԺ-ի լիագումար նիստերի դահլիճում, որը կարող է տեղի ունենալ միայն սահմանադրական փոփոխությամբ։ Դրան պետք է գնալ, որպեսզի ցանկացած դեպք, որն առնչվում է այնպիսի հարցերին, որը մենք կարծում ենք, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննության առնի, առանց հատուկ որոշում ընդունելու Էթիկայի հանձնաժողովը որոշում ընդունի և քննարկի այդ հարցերը»։

Հարցին՝ եթե ժամանակավոր հանձնաժողովից որևէ անգամ չեն օգտվել 7-րդ գումարման ԱԺ-ում, մշտական հանձնաժողովն ի՞նչ կարող է անել, նա ասաց․ «Առիթ ունեցել եմ այլ խմբակցությունների առանձին պատգամավորներին առնչվող դեպքերին անդրադառնալ, շատ հաճախ դրանք առնչվում են այնպիսի դեպքերին, որոնք կարող են մեկնաբանվել որպես քաղաքական հետապնդում։ Այդ պարագայում մենք ինքներս հրաժարվել ենք սկսել նման գործընթաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ»/-նշեց Մակունցը։

Պատգամավորի խոսքով՝ որպեսզի դա մեկնաբանվի ոչ որպես հետապնդում, ոչ որպես կողմնակալ վերաբերմունք, անհրաժեշտություն է առաջանում էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ