Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին-Azat TV
Հասարակություն
19:40 10/08/2021

Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին

Օգոստոսի 10-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին:

Գյումրու քաղաքապետը նշել է, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է երբեմն իր ասելիքը թելադրում:

«Ճիշտ է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների համար»,- ընդգծել է Սամվել Բալասանյանը:

Հանդիպման ավարտին հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, անդրադառնալով մրցավարների որոշմանը, լրագրողներին հայտնել է. «Մեդալները բաժանում էին, չէին թողնում, որ ուժեղագույնը նվաճեր: Բողոքարկելու իմաստ չկա, սա առաջին դեպքը չէր, նույն Ռիոյի Օլիմպիական խաղերում ևս նախադեպը եղել է: Բողոքարկումը պետք է լինի նախարարության ու Օլիմպիական կոմիտեի կողմից: Մարզիկների նոր սերունդները պետք է վստահ լինեն, որ իրենք կարող են նվաճել իրենց մեդալը, ոչ թե մի մրցավար կարող է մարզիկի ճակատագրի հետ խաղալ»:

Մարզիկը հավելել է, որ  հիասթափություն կա, բայց կփորձի նոր մրցաշարերում կրկին ապացուցել, որ ուժեղ է:

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էլ իր հերթին դժգոհությունն է հայտնել Տոկիոյի Օլիմպիական խաղերից, բայց օլիմպիական բրոնզը իր համար մի փոքր սփոփիչ է:

«Եթե ամեն ինչ արդար լիներ, այլ կերպ կլիներ ու ավելի լավ արդյունքներով հետ կգայինք»,- նշել է Հովհաննես Բաչկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ