Ռուսաստանը շատ զուսպ և զգուշավոր է վերաբերվում այն ամենին, ինչը կատարվում է Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքներին, և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունների վերաբերյալ հարցին:
«Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ Հայաստանում լինի կայունություն, հասարակական կոնսենսուս, և իհարկե, շահագրգռված ենք, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը, մեր ռազմավարական փոխգործակցությունը, ծանրակշիռ դեր խաղան Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց ՌԴ դեսպանը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնպիսի բարձր մակարդակում են, որպիսին չեն եղել երբևէ, Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պահպանում են իրենց ավանդական բնույթը։
«Դրանք մշտապես՝ տարիների, դարերի ընթացքում եղել են յուրահատուկ, դրանք հարաբերություններ են եղբայրական երկրների, եղբայրական ժողովուրդների, որոնց շատ բան է միավորում մշակութային, պատմական, անվտանգային առումներով»,-ասաց նա:
Ըստ դեսպանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են քաղաքական երկխոսության ինտենսիվությունը, տնտեսական, անվտանգային համագործակցության զարգացումը: