fbpx
Իրավական

Սա է խորհրդարանական պետության իմաստը. Գևորգ Պետրոսյան

«Արդեն զարմանալի չէ, որ մեր ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ Կառավարությունից գալիս են Ազգային ժողով՝ առանց որևէ լուրջ պատճառաբանված հիմնավորման, բայց զարմանալին այն է, որ Ազգային ժողովը շարունակում է նախկին բարի ավանդույթները՝ հետ չմնալով Կառավարությունից»:  Այս մասին այսօր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով իր համահեղինակած՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքի նախագծի Կառավարության կողմից հավանության չարժանանալուն:

«Մենք ներկայացրել էինք նախագիծ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարվի, համաձայն որի պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանվի պատասխանատվություն՝ տուգանքի ձևով, որը վարչական դատավարության օրենսգրքի համաձայն պատգամավորը իրավունք ունի դիմել վարչական դատարան և վարչական դատավարության կարգով տուգանքը բռնագանձել: Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենք 2016 թվականի. պատգամավորի գործունեության երաշխիքների մասին, համաձայն որի պատգամավորը իրավունք ունի գրավոր հարցումներով դիմել պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանց պաշտոնատար անձանց, ստանալ պատասխաններ, հնարավորինս սեղմ ժամկետում պահանջել և ստանալ ընդունելություն, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներից պահանջել և ամսվա մեջ առնվազն մեկ անգամ կահավորված ապահովված սենյակ ստանալ քաղաքացիների ընդունելության համար: էսօր եղել են դեպքեր, երբ պատգամավորը դիմում և նրա դիմում անպատասխան է մնում ամիսներ շարունակ, մինչդեռ երկշաբաթյա ժամկետ ա սահմանված: Այսինքն, սա զարմանք է հարուցում. մի՞թե պատգամավորները չեն մտածում իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու, ապահովելու համար»:

«Սա է խորհրդարանական պետության իմաստը, – վրդովված ասաց պատգամավորը, ապա հավելեց, – եթե պատգամավորները դեմ են արտահայտվում իրենց լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու նախագծի օգտին, տպավորություն է, որ դարձյալ կառավարության դիրքորոշումները մեխանիկորեն դակում են ԱԺ հանձնաժողովներում: Հիմա ի՞նչն է խանգարում, որ պատգամավորների գործունեությանը խոչընդոտելու համար վարչական իրավախախտումների օրենքում կատարվի համապատասխան լրացում»:

Եզրափակելով իր ելույթը՝ պատգամավորն ասած, որ օրինագիծը բխում է խորհրդարանական պետության և խորհրդարանական վերահսկողության սահմանադրական ինստիտուտից:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն, արձագանքելով Պետրոսյանի ելույթին ու ներկայացնելով հարցը խորհրդարանականներին, ասաց.

«Արդյո՞ք մենք խնդիր ունենք նախաձեռնել նոր զանցակազմ, որով կարող ենք պատասխանատվության կանչել այն սուբյեկտներին, որոնք խոչընդոտում են պատգամավորների գործունեությունը: Այս տեսանկյունից երևի լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունենք, հանձնաժողովի կարծիքով` այս պահի դրությամբ, հաշվի առնելով, որ կա մեկ այլ հոդված Վարչական իրավախախտումների մասին օրենքում, նման իրավական կանոնակարգում նախատեսելու կարիք կարծես թե չկա: Ես պարոն Պետրոսյանին ասել եմ, որ հանձնաժողովում առաջնորդվելու ենք այն մոտեցմամբ, թե իրավակարգավորումն անհրաժե՞շտ է, և ոչ թե նրանով, թե ինչ է ասել կառավարությունը: Այս պարագայում հանձնաժողովը գտավ, որ չպետք է լրացուցիչ սահմանափակումներ նախատեսենք մարդու իրավունքների ոլորտում»:

Նախագիծը օրակարգում ընդգրկելու համար քվեարկության դրվեց: Ձայների 39 կողմ, 51 դեմ և 12 ձեռնպահ հարաբերակցությամբ օրենքի նախագիծը չընդգրկվեց Աժ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ