Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված հարցադրումները և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Factor.am-ի հետ զրույցում արած աղմկահարույց հայտարարությունը՝ «մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք», հարուցել է Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և համակիրների վրդովմունքը: Երեկ Սրբուհի Ղազարյանի հարցադրումներին արձագանքեց նաև վարչապետի մամուլի խոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: «Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ »,- հավելել էր Փաշինյանի խոսնակը: Թեմայի առնչությամբ Factor.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հետ:
-Տիկի՛ն Ղազարյան, ինչո՞ւ նման գրառում կատարեցիք և արդյոք նկատողություն ստացել եք կառավարության ղեկավարից:
– Ոչ մի պատճառ չկա, ես դիրքորոշում չեմ արտահայտել, հարցեր եմ տվել Լևոն Տեր-Պետրոսյանին, երեք հարց, ևս մի քանիսն ունեմ: Երբ նորանկախ Հայաստանի երկրի ղեկավարը կպատասխանի իմ սերնդակիցներին, գուցե դիրքորոշում հայտնեմ, իսկ ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի արձագանքին, կրկին ասում եմ՝ գուցե ես դիրքորոշում հայտնեմ, հետո՞ փորձենք հասկանալ՝ այն համապատասխանում է կառավարության դիրքորոշմանը, թե՞ ոչ: Դա ընդամենը երեք հարց էր իմ սերնդակիցների կողմից:
-Բայց ձեր հարցերում կային մեղադրանքի տարրեր, չե՞ք կարծում:
-Բացարձակ, ընդամենը հարցեր են, որոնք տանջում են հայ ազգին 25-27 տարի:
-Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետն իր խոսնակի միջոցով արձագանքեց, եթե դիրքորոշում չկար և ընդամենը հարցեր էին:
-Փորձեք կառավարության խոսնակին հարցնել, վարչապետի կողմից, կարծեմ, արձագանք չի եղել։ Ցավում եմ, որ ՀԱԿ-ի համախոհները նման կերպ արձագանքեցին, կարծում եմ՝ պետք է փորձենք առերեսվել մեր պատմության հետ: Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի արձագանքին, գուցե ճիշտ կլիներ սպասել, որ ես դիրքորոշում հայտնեի: Ես դիրքորոշում չեմ հայտնել, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցերիս կպատասխանի, գուցե դիրքորոշում կհայտնեմ:
-Դուք համաձա՞յն եք Սոֆյա Հովսեփյանի այն մտքի հետ, որ մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք…
*հարցազրույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։