Կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում ընդունել է որոշում՝ «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին»։
Այս որոշման միջոցով առաջարկվում է սահմանել միասնական իրավական ակտ, որը կհստակեցնի պետական գույքի նվիրատվության և նվիրաբերության ենթակա գույքերի կազմը, այդ գործընթացում ներգրավված սուբյեկտները, ինչպես նաև գույքի նվիրատվության և նվիրաբերության դեպքերը և պայմանները։
Ըստ հիմնավորման, այս միասնական մոտեցումը նպատակ ունի բարձրացնելու պետական գույքի օգտագործման արդյունավետությունը՝ միաժամանակ լուծելով բնակչության սոցիալական և բնակարանային պայմանների խնդիրները։
Միասնական իրավական կարգավորման ընդունումը կարևոր քայլ է պետական գույքի կառավարման բարելավման, թափանցիկության ապահովման և բնակարանային և սոցիալական ոլորտներում հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ։