fbpx
Աշխարհ

Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ-ի Կոնգրեսում

Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլև այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Հայ դատի հանձնախմբի կազմակերպած քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունը որակող և դատապարտող իրավական հիմքերի ստեղծմանը:

Լեմկինի կողմից «ցեղասպանության» որակումը տալուց 75 տարի անց ցեղասպանությունները դեռ տեղի են ունենում՝ վերափոխելով թե դրանց զոհերին եւ թե՝ իրականացնողներին: Սակայն, եթե Ավստրալիայի կառավարությունն ինքը առանց որեւէ արտաքին ճնշման ճանաչեց Ավստրալիայի բնիկ բնակչության դեմ 18-19րդ դարերում իրականացրած ցեղասպանությունը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է նաև մեր օրերի Թուրքիայի զարգացմանը, նշում է Թերիոլը.

«Իրականում, կարելի է տեսնել, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ հետագայում Թուրքիայի իշխանություն կազմել և հենց նրանք են ուրվագծել այսօրվա Թուրքիայի ռազմական, տնտեսական և քաղաքական համակարգի հիմունքները: Ուստի, ինչո՞ւ ենք զարմանում, որ տասնամյակներ անց այնտեղ հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը»:

Քննարկմանը ներկա Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր կողմից շեշտեց, որ Լեմկինը հենց այն մարդն էր, որ լրացրեց ցեղասպանությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական բացը, սակայն, արդարության հասնելու համար այն բավարար չէ.

«Անհրաժեշտ օրենքներն առկա են, սակայն, բացակայում է այդ օրենքների նկատմամբ հարգանքը: Այդ օրենքները գործածելու համար անհրաժեշտ են նաև դիվանագիտական ջանքեր: Ես խորհուրդ կտայի աշխատել ժողովրդավար երկրների հանրությունների հետ, որպեսզի այդ հանրությունները պահանջեն իրենց կառավարությունից միջազգային ասպարեզում աջակցել Ցեղասպանության ճանաչմանը»:

Հենրի Թերիոլը համաձայն է՝ ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր:

Աղբյուր՝ https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ