fbpx
Կրթություն

13:10 24/8/2019

16-ամյա հայուհին 10-նյակ օլիմպիադաների հաղթող․ Մարիան զարմացրել է ռուսներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մեր հայրենակից Մարիա Վարդանյանը, որն ընդամենը 16 տարեկան է, հասցրել է զարմացնել ռուսներին:

Մարիան Մոսկվայի Շչեդրինի անվան համար 236 դպրոցում է սովորում, այն հատուկենտ աշակերտներից է, որ ուսման ընթացքում որևէ «4» գնահատական չի ստացել: Բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորելով՝ Մարիային հաջողվել է ուսում ստանալ պետպատվերով՝ ՌԴ պետբյուջեի հաշվին: Անգլերեն, պատմություն, հասարակագիտություն, ֆիզիկա…Որ առարկայից օլիմպիադա է լինում, դպրոցի ընտրությունը կանգ է առնում հայուհու վրա: Մարիան նաև երեխաների և պատանիների գիտահետազոտական և նախագծային աշխատանքների միջտարածաշրջանային մրցույթի դափնեկիր է դարձել՝ «Իմ նախնիների տունը» նախագծային աշխատանքի համար:

Մարիայի մայրը՝ Մարգարիտան, մեզ հետ զրույցում հպարտությամբ նշեց, որ անգամ չի հիշում, թե Մարիայի համար քանի շնորհակալագրեր են իրենք ստացել՝ հայ ընտանիքում նման երեխա դաստիարակելու, կրթությանն օժանդակելու համար:

Մարիա Վարդանյանը կարմիր դիպլոմով ավարտել է նաև Մոսկվայի Գենդելի անվան երաժշտական դպրոցը` երգչախմբային երգեցողության բաժինը: Բազմաթիվ մրցանակներ է ստացել նաև՝ որպես երաժիշտ: Այդ մրցանակները ուղեգիր են տվել հայ աղջկան ուսումը շարունակել տարբեր երաժշտական հաստատություններում: Երաժշտական դպրոցի մասնագետները որևէ կասկած չունեին, որ Մարիային այս ասպարեզում մեծ հեռանկար է սպասվում, որովհետև բացառիկ ունակություններ էին նկատում: Բայց Մարիան որոշեց իր երազանքների հետևից գնալ: Իսկ որքան էլ տարօրինակ թվա, նա երազում է դառնալ միաժամանակ իրավաբան, թարգմանչուհի, կոմպոզիտոր, գիտնական, աուդիտոր, տնտեսագետ:

Հայուհու համոզմամբ՝ մարդը, առավել ևս՝ կինը պետք է կայացած լինի ու տիրապետի մի քանի մասնագիտությունների: Նրա խոսքով՝ «Կինը ոչ մի պարագայում չպետք է հույսը դնի տղամարդու վրա ու ապրի նրա հաշվին: Ես հույսս միայն ինձ վրա եմ դնում»:

Այս տարի Մարիա Վարդանյանը ոչ միայն Մոսկվայի դպրոցների մասշտաբով, այլև տարածաշրջանում անգլերենի քննության արդյունքներով ամենաբարձր միավորներն է հավաքել: Ռուսների զարմանքն է հարուցել նաև այն, որ հայուհին անգամ իրենց մայրենի ռուսաց լեզվին իրենցից ավելի լավ է տիրապետում, բազմաթիվ օլիմպիադաներից հաղթած է եկել:

Ուշագրավ է, որ ՌԴ-ում ծնված ու մեծացած Մարիան, Հայաստան գալով՝ որոշել է անպայման ընդունվել նաև Հայորդած տուն: Մոր խոսքով՝ «Մի քանի անգամ եկավ Հայաստան, գնաց, որոշեց՝ ես անպայման թեկուզ ոտքով կհասնեմ դպրոց, բայց պիտի գնամ, չնայած հեռու է տնից: Ես պիտի սովորեմ հայերեն»: Հիմա նա հայերեն փայլուն գրում է, կարդում, ուսումնասիրում կրոնի, մշակույթի պատմություն, աշխարհագրություն ու հպարտանում իր հայկական արմատներով:

Գրում է Aravot-ը։

Վերեվ