fbpx
Աշխարհ

1989 թվականին՝ այս օրը, քանդվեց Բեռլինյան պատը

Ուղիղ 30 տարի առաջ այս օրը գերմանացի ժողովուրդը վերջնականապես որոշեց, որ կոմունիզմի տեղը աղբանոցն է: Պատմության մեջ այս օրը 1989թ. նոյեմբերի 9-ին քանդվեց Բեռլինյան պատը: Այն խորհրդանշում էր «Սառը պատերազմի» ավարտը և սոցիալիստական ճամբարի ջախջախումը: Բեռլինյան պատը կառուցվել էր 1961թ. օգոստոսին՝ ԽՍՀՄ-ի և Արևելյան Գերմանիայի կոմունիստական ղեկավարության կողմից:

Բանն այն է, որ Արևմտյան Գերմանիան ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Մարշալի պլանի» համաձայն Եվրոպային հատկացված գումարների շնորհիվ պատերազմից հետո արագորեն վերականգնվում էր և Արևելյան Գերմանիայի բնակիչները զանգվածաբար տեղափոխվում էին Արևմտյան Գերմանիա: Այդ ընթացքը կասեցնելու համար` կառուցվեց Բեռլինյան պատը: Հետագայում սառը պատերազմի շրջանակներում արևմուտքը, որը իր զարգացման մոդելի հիմքում դրել էր լիբերալ դեմոկրատիան լիովին հաղթեց կոմունիզմի մոդելով առաջնորդվող սոցիալիստական ճամբարի երկրներին: Արևմուտքը նրանց մի քանի անգամ գերազանցեց, թե՛ տնտեսական առաջընթացի, թե՛ տեխնոլոգիական առաջընթացի և թե ժողովրդավարության առումով:

Դա հատկապես երևում էր այն բանից, որ սոցիալիստական ճամբարի այն երկրների բնակչությունը, որը սահմանակից էր Արևմտյան Եվրոպայի երկրներին տեսնելով կյանքի կենսամակարդակների հսկայական տարբերությունը ամեն կերպ ձգտում էր տեղափոխվել դեպի արևմուտք: Հենց այդ պատճառով մարդիկ նույնիսկ գնդակահարության վտանգի տակ մարդիկ մագլցում էին Բեռլինյան պատը՝ դեպի արևմուտք տեղափոխվելու և ավելի լավ կյանք ունենալու համար: Այն մարդիկ էլ, ովքեր չէին ուզում լքել իրենց երկրները 1980-ականներին վերջին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում սկսեցին սոցիալիստական ճամբարի ապամոնտաժման գործընթացը: Զանգվածային ընդզվումներ տեղի էին ունենում նաև Արևելյան Գերմանիայում: Մարդիկ պահանջում էին ժողովրդական ազատություններ և երկու պետությունների վերամիավորում: Իրադրությունը առավել սրվեց 1989թ. աշնանը, երբ Արևելյան Գերմանիայում զանգվածային ցույցեր էին տեղի ունենում: 1989 թ. նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայի կառավարության անդամ Գյունտեր Շաբովսկին ստիպված հայտարարեց սահմանների վերացման մասին:

Նույն օրը երեկոյան հազարավոր բեռլինցիներ շարժվեցին դեպի պատը և անցագրային կետեր: Պատը հսկող զինվորականները ջրցան մեքենաներ գործի դրեցին ցուցարարներին ցրելու համար, սակայն զանգվածների ճնշման ներքո ստիպված նահանջեցին: Այդ նույն ժամանակ իրենց եղբայրներին և քույրերին Արևմտյան Բեռլինում դիմավորելու էին դուրս եկել հազարավոր մարդիկ: Բեռլինյան պատը քանդվեց: Հազարավոր մարդիկ գրկախառնվում և ողջունում էին միմյանց: Տեղի ունեցողն իսկական ժողովրդական տոն էր: Հետագա օրերին դեպի Արևմտյան Բեռլին տեղափոխվեց շուրջ մի քանի միլիոն մարդ: Դեկտեմբերի 22-ին բացվեցին «Բրանդենբուրգյան դարպասները», որով Բեռլինյան պատի հիմնական սահմանն էր անցնում:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2606691746046750

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ