Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Այաքսին»։ Հանդիպումը ոչ միայն գոլառատ ստացվեց, այլ նաև տարատեսակ ինտրիգներով լեցուն։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Թեմի Աբրահամի ինքնագոլի շնորհիվ հոլանդական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ։ Բայց «Այաքսի» ուրախությունը տևեց 2 րոպե, որովհետև 4-րդ րոպեին Ժորժինյոն 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Հյուրերից 15 րոպե պահանջվեց հաշվի մեջ առավելությունը վերականգնելու համար․ 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Քվինսի Պրոմեսը։ Իսկ խաղակեսի ավարտից 10 րոպե առաջ կրկին ինքնագոլ գրանցվեց։ Այս անգամ դրա հեղինակը Կեպա Արիսաբալագան էր։ Մինչև ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին ու «Այաքսը» գնաց հանդերձարան 2 գնդակի առավելությամբ։
2-րդ կեսում սկսվեց հոլանդական ակումբի սցենարով․ 55-րդ րոպեին Դոնի վան դե Բեկը «Այաքսի» առավելությունը էլ ավելի մեծացրեց՝ դառնալով գոլի հեղինակ։ Բայց, սրան ի պատասխան, 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կրճատեց հաշվի տարբերությունը։ Բայց, կարելի է ասել, խաղի ամենաորոշիչ պահը գրանցվեց 68-րդ րոպեին, երբ Դեյլի Բլինդը խախտեց կանոնները։ Նա ստացավ 2-րդ դեղինն ու հեռացվեց դաշից, բայց սա դեռ վերջը չէր․ 2-րդ դեղինը ստացավ նաև Ջոել Վելտմանը ու սա էլ դեռ հերիք չէր, «Այաքսի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց։ Ընդամենը մեկ դրվագում հոլանդական ակումբի հաղթանակը դարձավ խիստ կասկածելի ու մի քանի րոպեում առավելությունը հավասարվեց հողին։ Նախ Ժորժինյոն անվրեպ իրացրեց այս խաղում իր 2-րդ 11-մետրանոցը, իսկ արդեն նրա գոլից 3 րոպե անց՝ 74-րդ րոպեին, Ռիս Ջեյմսը հավասարեցրեց հաշիվը։
Այս գերդրամատիկ հանդիպումն այսպես էլ ավարտվեց՝ 4-4։ H խմբում, որտեղ հանդես են գալիս թիմերը, 3 թիմ՝ «Չելսին», «Այաքսը» և «Վալենսիան» վաստակել են 7 միավոր, իսկ «Լիլը» 1 միավորով խմբի ետնապահն է։
Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։
https://www.youtube.com/watch?v=q7AYLTslHX8