20 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում տեղի ունեցածը ահաբեկչություն էր Հայաստանի դեմ

20 տարի առաջ՝ 1999 թվականին հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժեցին մի քանի զինված անձ և կրակ բացեցին: Այդ ժամանակ Ազգային ժողովում ընթանում էր Կառավարություն-ԱԺ հերթական հարցուպատասխանը։

Նրանց կրակոցներից զոհվեցին 8 հոգի, որոնց թվում էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Գերեվարվածների թվում կային նաև լրագրողներ, որոնց քիչ անց սակայն բաց են թողել, իսկ գերեվարվածների մյուս մասը ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, իսկ նրա հետ այդ ահաբեկչությանը մասնակցել են Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:

«Հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, իսկ մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Վեց դատապարտյալները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը մահացել է սրտի կաթվածից 2010 թ-ի մայիսին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ մեղադրյալներից Վռամ Գալստյանը ինքնասպան է եղել մենախցում։ Գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը մահացել է նախքան դատավճռի հրապարակումը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետևանքով: Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Ահաբեկչության ղեկավար Նաիրի Հունանյանը «Հայ Յեղափոխական Դաշնակցության» անդամ է եղել, իսկ 1992 թվականին հեռացվել է կուսակցության շարքերից: Նա հետագայում իր ցուցմունքներում հայտարարել է, որ պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել 1991 թվականին, որոնք, սակայն, հանգամանքների բերումով չի հաջողվել իրականացնել:

«1988 թվ. սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ես ականատես եղա թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը: … Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում», – ասել է Հունանյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով: Դիմումը քննարկման փուլում է:

Ամենաթարմ