ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար:
2019թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ռոբերտ Հայրումյանը՝ ծնված 1993 թվականին։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության և Ոստիկանության կապանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի, ինչպես նաև երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին:
Մասնավորապես՝ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը 2019թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող ակումբի սրահում, ապա նաև՝ բակում վիճաբանել է Ռ.Հայրումյանի հետ, որի ժամանակ, իր սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու, ինքնահաստատվելու ձգտումներով թելադրված խուլիգանական դրդումներով, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող այլ մասերին և օրգանների շրջաններին՝ պատճառելով ծակած-կտրած վնասվածքներ, ինչի արդյունքում օրեր անց՝ դեկտեմբերի 3-ին, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ երիտասարդի մահվան պատճառ է հանդիսացել գանգի և գլխուղեղի թափանցող վնասման հետևանքով առաջացած գլխուղեղի այտուցը:
Իրականացված քննչական ու դատավարական այլ գործողությունների և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Կապան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից, այլ անձանց դրդչությամբ, առանձնապես ծանր հանցագործության հետքերն առերևույթ պարտակելու վերաբերյալ, այն է՝ տաք ջրով, կտորներով, ավելով մաքրվել և հնարավորինս ոչնչացվել են դեպքի վայր հանդիսացած ակումբի տարածքում առկա արնանման հետքերը, ինչպես նաև՝ ջնջելու միջոցով ոչնչացվել են դեպքի հանգամանքները պատկերող տեսագրությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Եվս չորս անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր հանցագործության հետքերը պարտակելու, իսկ մեկ անձի՝ 38-334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: