Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի ղեկավարությունը հաշտվել է այն մտքի հետ, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի ցանկանում շարունակել ելույթները ֆրանսիական ակումբի կազմում:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի և Նեյմարի զրույցից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է բանակցություններ սկսել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ, որը ամենամեծ հավակնությունն է ներկայացնում Նեյմարի տրանսֆերին:
ՊՍԺ-ն համաձայնել է իրականացնել Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը, եթե Էռնեստո Վալվերդեի թիմը փոխանակման տարբերակով իրականացնի ակումբի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխությունը: Այս տարբերակով «Բարսելոնա»-ն ստիպված կլինի շատ ավելի քիչ գումար վճարել ՊՍԺ-ին, քան ֆրանսիական ակումբը նախապես ցանկանում էր ստանալ Նեյմարի տրանսֆերի վաճառքից՝ 180 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է Նեյմարի տեղափոխության գործարքում ընդգրկել ակումբի միանգամից մի քանի ֆուտբոլիստի տրանսֆեր: