Գավառի 60 ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սևանը:
Իր մտադրության մասին հայտնեց օգոստոսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ ունեցած հանդիպման ժամանակ:
Չնայած իր պատկառելի տարիքի Գագիկ Գոզեյանը Սևանի արևլյան ափից արևմտյան ափը պատրաստվում է լողալ 8-9 ժամում:
Լողորդը նախկինում ևս նման փորձառություն գրանցել է, բայց այս անգամ հատուկ նպատակով է անցնելու:
«Հույները, ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների, խաղեր էին կազմակերպում: Ես էլ այս քայլով իմ երախտիքն եմ ուզում հայտնել Ապրիլյան պատերազմում զոհված մեր 18-20 տարեկան հերոսներին, ցանկանում եմ իրենց հիշատակը ևս մեկ անգամ վառ պահել»,- իր մտադրությունը բացատրեց Գագիկ Գոզեյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր աջակցությունը հայտնելով լողորդի մտադրությանը՝ առաջարկեց այն դարձնել մեծ միջոցառում:
«Միջոցառման կազմակերպչական բոլոր հարցերով կզբաղվի մարզպետարանը: Կհոգանք ձեր անվտանգության, առողջության և այլ հարցերով: Կապահովենք ԱԻՆ փրկարարների ներկայությունը միջոցառման ողջ ընթացքում, ուղեկցող նավակներով մշտապես կլինեք մեր հոգածության ներքո», – զրույցի ընթացքում նշեց Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ հրավիրում է բոլոր ցանկոցողներին միանալու գաղափարի շուրջ և օգոստոսի 20-ին Արտանիշի թերակղզուց Գագիկ Գոզեյանին ոգևորելով ճանապարհելու, իսկ երեկոյան Նորատուսի թերակզում դիմավորելու:
Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։