Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, հարցին թե` իշխանությունը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, մինչդեռ 300.1 հոդվածի հակասահմանադրական լինելու պատճառով գործը կարճվեց, հիմա դուք քաղաքական պատասխանատվություն զգո՞ւմ եք ձեր հայտարարությունների համար, պատասխանել է.
«Իսկ 8 դատավորները, որ այդ որոշումը կայացրեցին, պատասխանատվություն կրո՞ւմ են այդ 80 հատորների համար, որ մեր հասարակությանը զերծ պահեցին՝ հասկանալու՝ գործը բացվա՞ծ է, թե՞ չէ»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե իրենք էիք ընտրել նրանցից 3-ին՝ Քոչարյանը նշել է.
«Որոշ մասին, բայց դա 8-ը չի: Մյուս 5-ն այս խնդրին պատրաստ էին՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ: Կասկած չունենաք, եթե Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեր խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց կայացրած որոշումը, այս 300.1-ը իրո՞ք հակասահմանադրական է, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է և կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են դրել տարիներ շարունակ՝ իրենց հայրիկների եւ մայրիկների հետ՝ Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, պարբերաբար այս Սահմանադրությունը փոխում էին: 300-ը ինչի՞ փոխեցին ժամանակին: Հայաստանում, ըստ էության, բոլորի ձեռքերն ազատ են թողնում, որ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն: Դավիթ Հարությունյանին ինչի՞ չեք հարցնում՝ ինչո՞ւ փոխեցիր 300 հոդվածը, այն ժամանակ սահմանադրակա՞ն էր: Որովհետեւ այն ժամանակ միջազգային լուրջ ճնշում կար և քաղբանտարկյալներ կային: Մարտի 1-ի հենց առնչությամբ այդ խնդիրը լուծելու համար իրենք այսպիսի իրավական բոլոլա արեցին»:
Քոչարյանը նշել է, որ 850 վկայություն կա Մարտի 1-ի հետ կապված այդ 80 հատորում ու պետք է հրապարակվի:
«Ռոբերտ Քոչարյանի շահերը ՍԴ-ն պաշտպանեց, բայց Մարտի 1-ին բան չի՞ եղել, բանակ չի՞ օգտագործվել: Սեյրան Օհանյանն ասում էր՝ ժողովուրդը մի բան արել է, չէ՞, որ բանակը բերվեց: Սեյրան ջան, այդ մի բան անելը մի հատ թվարկիր, հասկանանք: Այդ հարցերի պատասխանը պիտի դատարանը տար: 2,5 տարի փաստաբանական թիմը տեղապտույտի մեջ պահեց հասարակությանը»,- նշել է նա:
Հարցը ևս մեկ ամգամ է տրվել` լավ, դուք քաղաքական պատասխանատվություն չե՞ք զգում, ասել եք՝ գործը բացահայտված, բայց մարդիկ ոչ մի բան էլ չեն իմանում՝ Քոչարյանը պատասխանեց, որ այդ իրավունքից մարդկանց զրկեցին ՍԴ անդամները.
«ՍԴ 8 անդամները, որոնցից 3-ին մենք ենք ընտրել, այ ինձ հետաքրքիր է՝ հատկապես Խունդկարյանին ինչի՞ ենք ընտրել, նա 42 էջից բաղկացած հատուկ կարծիք է գրել: Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, այսքան տարիների մեջ արտահայտվեիր, որ մեր Սահմանադրությանը հակասող հոդված կա, պատրաստվե՞լ էիր, 42 էջը գրել, հիմնավորել էիր»:
Լրագրողի այն հարցին, թե հիմա այս գործն այսպես փակվելու է, գնա՞՝ Անդրանիկ Քոչարյանը հւշեցրել է «Մկների ժողովը».
«Մեր ազնիվ ցեղը գնալու է կորի՞: Չէ…Մի վայրկյան, Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանեց ՍԴ-ն, բա տուժողների շահերն ո՞վ պետք է պաշտպանի: Այս Սահմանադրությունը մենակ Ռոբերտ Քոչարյանի համա՞ր էր: Լավ, սահմանադրական մեր ջեֆերսոնները, որ անընդհատ մանիպուլացնում, փոխում ու կարում էին, այն ժամանակ սահմանադրական էր, հիմա՝ հակասահմանադրակա՞ն»:
«Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ, մեկը՝ ես, ներողություն եմ խնդրում իմ կայացրած սխալ ընտրության համար»,- հայտարարել է նա:
Այն դիտարկմանը, թե մի հատ էլ փոխեք, Քոչարյանը նշել է, որ գուցե ընտրությունները կտան հնարավորություն այս հարցերին նայել՝ հաշվի առնելով ոչ թե անհատական, այլ՝ երկրի շահերը:
Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ նախկինում Սահմանադրությունը գրված էր, բայց «սիամական զույգերը»՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը այլ համակարգով էին առաջնորդվում, Սահմանադրությունը տնօրինում էր «ախպերութունը»:

