Նկարում պատկերված է ԽՍՀՄ օդաչու Գենադի Օսիպովիչը: Հենց այս ճիվաղը 1983թ. սեպտեմբերի 1-ին լինելով մարտական կործանիչի ղեկին և կատարելով ԽՍՀՄ ռազմաքաղաքական ղեկավարության հրամանը գրոհեց մարդատար ԲՈԻՆԳ ինքնաթիռը: 1983թ. սեպտեմբերի 1-ին Սառը պատերազմի հերթական ամենասուր շրջանում սովետական Սու-15 կործանիչը գրոհեց Նյու Յորքից Սեուլ թռչող մարդատար ԲՈԻՆԳ 747-ը: Մարդատար ինքնաթիռը մի փոքր շեղվել էր ուղեցույցից և հայտնվել էր ԽՍՀՄ տարածքում: Չնայած նրան, որ ինքնաթիռը կարճ ժամանակ է գտնվել սովետական տարածքում և կործանիչի գրոհի պահին արդեն հեռանում էր այդ գոտուց, այնուամենայնիվ սովետական զինուժը որոշեց ոչնչացնել այն: Ոչնչացված ինքնաթիռում 269 մարդ էր գտնվում: Սովետական կողմը իր գործողությունները բացատրում էր նրանով, որ թռչող ԲՈԻՆԳ-ը իբրև թե ամերիկյան հետախուզական ինքնաթիռ էր:
Նշենք, որ ԲՈԻՆԳ-ը հետապնդող կործանիչի օդաչուն Գենադի Օսիպովիչը հայտարարել էր, որ սահմանախախտ ինքնաթիռի հետ որևէ կոնտակտի դուրս չի եկել, չի հրամայել նրան վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում և պարզապես ինքնաթիռը ոչնչացնելու հրաման է կատարել: Հատկանշական է, որ օդաչուն այնուհետև լկտիաբար ստում էր նշելով, որ ինքը գրոհել է հետախուզական ինքնաթիռ իսկ մարդատար ինքնաթիռը ոչնչացրել են ամերիկացիները: Սովետական իշխանությունները կատարվածից, ընդամենը մի քանի օր անց ընդունեցին, որ ոչնչացվել է մարդատար ինքնաթիռ և հրաժարվեցին մասնակցել այդ ողբերգության միջազգային հետաքննությանը: Սովետական հիվանդագին քարոզչությունը ամբողջ ուժով պնդում էր այն վարկածը, որ սահմանային խախտումը միտումնավոր է եղել:
Որոնողական աշխատանքների ժամանակ սովետական կողմի տրամադրության տակ էին հայտնվել սև արկղերը, որոնք նա չտրամադրեց միջազգային հետաքննող կոմիտեին: Միայն 1992թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինը այն տրամադրեց Հարավ-Կորեական կողմին: Սև արկղերի վերծանումը լիովին ոչնչացրեց սովետական քարոզչամեքենայի հորինած միֆերը: Վերծանումից պարզ դարձավ, որ օդային սահմանի խախտումը եղել է պատահական:
Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/photo.php?fbid=2472927179423208&set=a.501083209940958&type=3&theater