Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը խստորեն քննադատել է ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից հանելու որոշումը, որը հիմք է նախապատրաստել այդ շրջանում ԱՄՆ դաշնակիցների զորքերի վրա հարձակվելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իր գրառման մեջ դիվանագետ Ուիլյամ Ռոբակը քննադատում է Թրամփի վարչակազմին այն պատճառով, որ այն Թուրքիայի ներխուժումը կանխելու կամ քրդերին պաշտպանելու համար ոչ մի գործողություն չի ձեռնարկել։
Ռոբակի գրառման մեջ ընդգծվում է, որ Թրամփի՝ ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշումը, խորը տարաձայնություններ է առաջացրել անգամ նրա սեփական վարչակազմում։ Այդ քայլը լայնորեն քննադատվել է դեմոկրատների և հանրապետականների կողմից՝ որպես «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական դաշնակցից հրաժարում։
Ռոբակը նշում է, որ արդեն ոչ ոք չգիտի, թե կդադարեցներ արդյոք Թուրքիան գործողությունը նախագահ Էրդողանի հանդեպ ավելի ուժեղ ճնշման դեպքում։
«Թուրքիայի աջակցությունն ստացող գրոհայինները, որոնք մասնակցել են գործողությանը, եղել են անկարգապահ և կարող էին վայրագություններ անել, որոնք հավասարազոր են ռազմական հանցագործություններին», գրել է Ռոբակը։
Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի տեղակալ Ռոբակն ասել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը շատ ուժեղ, եթե չասենք՝ անուղղելի կերպով խափանել է քրդերի վստահությունը։ Գրառումն ուղարկվել է Ջեֆրիին և մի շարք այլ պաշտոնյաների, որոնք զբաղվում են Սիրիայի քաղաքականությամբ։